
ԱրմԻնֆո. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ Հայաստանում աշխատանքը սկսած առաքելությունների ներկայացուցիչներին՝ հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման նպատակով միջազգային առաջատար փորձի ներդրման, չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում հարկային մարմնի և դրա հնարավորությունների գնահատման համար՝ կիրառելով FITAS գործիքը (Framework for International Tax Administration Strengthening - միջազգային հարկման ոլորտում հարկային վարչարարության ամրապնդման շրջանակ)
Հանդիպման ընթացքում ԱՄՀ ներկայացուցիչները ներկայացրել են հանդիպումների և առաքելությունների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված հարկային վարչարարության և ՀՀ ՊԵԿ-ում միջազգային հարկման գործընթացների կատարելագործման վերաբերյալ առաջարկները։ Առաջարկները հնարավորություն կտան ՊԵԿ-ում առավել արդյունավետ և համակարգված կերպով ներդնել միջազգային առաջատար փորձը։
Կողմերը քննարկել են նաև ՊԵԿ-ի ներուժի զարգացմանն ուղղված համագործակցության հետագա ուղղությունները՝ հաշվի առնելով ԱՄՀ առաքելությունների արդյունքները և ներկայացված առաջարկները։ Այս համատեքստում հաստատվել է համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացման և դրա հետագա կատարելագործման նպատակով։