
ԱրմԻնֆո. Team Telecom Armenia-ն, աջակցելով գիտության և կրթության հանրահռչակմանը, հանդես կգա Հայաստանում անցկացվող <Գիտության շաբաթի> տեխնոլոգիական գործընկերոջ դերում, որը կմիավորի գիտությամբ և նորարարություններով հետաքրքրվող հազարավոր մարդկանց։
Ինչպես ԱրմԻնֆոյին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, ամբողջ երկրում ապակենտրոնացված միջոցառումները կմեկնարկեն այսօր, իսկ փառատոնային մասը կանցկացվի սեպտեմբերի 25-26-ը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, ERNA փառատոնի շրջանակում (հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 24)։
Այս տարի <Գիտության շաբաթն> անցկացվում է <Հետազոտողն ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ> կարգախոսով։ <Գիտուժ> նախաձեռնության կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում երեխաները, երիտասարդները և գիտությամբ հետաքրքրվող ողջ հանրությունը հնարավորություն կստանան բացահայտելու գիտությունը փորձերի, խաղերի, մրցույթների, ֆիլմերի, քննարկումների և այլ ինտերակտիվ ձևաչափերի միջոցով։
<Գիտության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդուն հնարավորություն է տրվում ոչ միայն լսելու կամ կարդալու, այլև փորձելու, հարցեր տալու և բացահայտելու։ Հենց այս մոտեցումն է <Գիտության շաբաթը> դարձնում կարևոր, և մենք ուրախ ենք մեր տեխնոլոգիական հնարավորություններով նպաստելու գիտելիքի տարածմանն ու նոր գաղափարների զարգացմանը։ Team-ի ձևավորման առաջին իսկ օրերից, ընտրելով մեր ռազմավարական առաջնահերթությունները, մենք ցանկանում էինք աջակցել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որում գիտությունն ու նորարարությունները հասանելի և հետաքրքիր կլինեին հատկապես երիտասարդ սերնդի համար>, - ասել է Team Telecom Armenia-ի առևտրային տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
<Գիտության շաբաթ 2026>-ի ծրագրում ներառված են տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված գիտական փորձեր և կրթական առաջադրանքներ, գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ, ֆիլմերի ցուցադրություններ, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և զրույցներ գիտության, արհեստական բանականության ու նորարարությունների մասին։
Team Telecom Armenia-ի համար գիտության, կրթության և նորարարությունների ոլորտներում նախաձեռնություններին աջակցելը երկարաժամկետ ուղղություն է։ Ընկերությունը հատկապես կարևորում է այն հարթակները, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս զարգացնելու հետազոտական մտածողությունը, հետաքրքրվելու տեխնոլոգիաներով և սեփական գաղափարները վերածելու նոր լուծումների։
Նշենք, որ ''Տելեկոմ Արմենիա'' ԲԲԸ-ն (բրենդը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը երկրում առաջատար դիրքեր է զբաղեցնում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Լինելով Հայաստանի առաջին հեռահաղորդակցական ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն այս ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն ունի։
Հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրման շնորհիվ Team-ը հուսալի և նորարարական ծառայություններ է մատուցում ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։
Team Telecom Armenia-ի նպատակն է Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելը։ Այդ նպատակին հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում և վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում է նոր միջազգային կապուղիներ, ինչը նաև բարձրացնում է Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։