Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 21:14

ՀՀ կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ

ԱրմԻնֆո.ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը:

 

Հայաստանի ԿԲ հաղորդագրության համաձայն, հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսկան տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում:

 

Հուշագիրը ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

 

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, Թբիլիսիում մասնակցել է «Տարածաշրջանային կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը»՝ կազմակերպված Վրաստանի ազգային բանկի և J.P. Morgan-ի կողմից։

 

«Տարածաշրջանային մակրոտնտեսական միջավայր» խորագրով նստաշրջանը համախմբել է կենտրոնական բանկերի ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քննարկելու գլոբալ և տարածաշրջանային առանցքային մակրոտնտեսական զարգացումները։ Պանելային քննարկման հիմնական թեմաներն էին չեզոք տոկոսադրույքը, փոխարժեքը՝ որպես շոկերի կլանիչ կամ խարիսխ, դրամավարկային քաղաքականությունը խոշոր կապիտալ հոսքերի պայմաններում, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերն ու առաջարկի շոկերը։

 

Քննարկման ընթացքում Մարտին Գալստյանն անդրադարձել է չեզոք տոկոսադրույքի շուրջ առկա անորոշությանը և ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի գների կայունության ապահովման ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը, որի շրջանակում դիտարկվում են մի շարք հնարավոր սցենարներ և առանձնակի ուշադրություն է դարձվում առավել ծախսատար հետևանքներով ռիսկերի կառավարմանը։ Նա նաև կարևորել է Հայաստանում ճկուն փոխարժեքի դերը՝ որպես արտաքին շոկերի կլանման գործիք, ինչպես նաև անդրադարձել է կապիտալի հոսքերի աճող նշանակությանը՝ կարևորելով հիմնարար գործոններով պայմանավորված և կարճաժամկետ ցիկլային հոսքերի տարբերակումը, ինչպես նաև դրամավարկային, արտարժութային և մակրոպրուդենցիալ գործիքների նպատակային կիրառումը։