Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 21:19
Ալինա Հովհաննիսյան

AIR FEST ARMENIA VII-ը կրկին կմիավորի ավիացիայի հազարավոր սիրահարների

AIR FEST ARMENIA VII-ը կրկին կմիավորի ավիացիայի հազարավոր սիրահարների

Արմինֆո.  Սեպտեմբերի 26-ին Եղվարդի SKY CLUB օդանավակայանի տարածքում տեղի կունենա Air Fest Armenia VII ավիացիոն փառատոնը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունից:

 

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը, բարձրացնել հետաքրքրությունը ավիացիոն մասնագիտությունների նկատմամբ և ամրապնդել երկրի ճանաչելիությունը որպես արկածային և ավիացիոն զբոսաշրջության ուղղություն:

 

Air Fest Armenia-ն անցկացվում է արդեն յոթերորդ անգամ և մեկ հարթակում կմիավորի ավիացիոն ոլորտի ներկայացուցիչների, տեղական և օտարերկրյա մասնակիցների, պետական և մասնավոր կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, ավիացիայով հետաքրքրվող ընտանիքների և հազարավոր հյուրերի:

 

Փառատոնի հիմնական ծրագրում են տեղական և արտասահմանյան օդանավերի ցուցադրական թռիչքներ, օդաչուների հետ հանդիպումներ, այցելուների համար թռիչքներ, ուղղաթիռներ, օդապարիկ, ավիամոդելներ և ավիացիոն այլ գործողություններ:

 

Ամբողջ օրվա ընթացքում հյուրերի համար կաշխատեն մանկական և ինտերակտիվ գոտւներ, մոտոշոու, երաժշտական ծրագիր, սննդի կետ, շուկա և հանգստի գոտի:

 

Ծրագիրը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար և թույլ կտա մի ամբողջ օր անցկացնել դրսում՝ մոտիկից ծանոթանալով ավիացիոն աշխարհին: