Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026 12:12
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության զարգացումը ԱԲ, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտներում

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության զարգացումը ԱԲ, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտներում

Արմինֆո.  Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցության  հետագա զարգացումը բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով նախարար Դավիթ Թադևոսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հանդիպման արդյունքներին։

 

Նրանք քննարկել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և թվային ծառայությունների՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները։ 

Կարևորվել է հայկական ընկերությունների համար եվրոպական շուկաների հասանելիության, ստանդարտների և հավաստագրման գործընթացների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

 

Կողմերը քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության հեռանկարները արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտներում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ եվրոպական հետազոտական և հաշվողական էկոհամակարգին ինտեգրվելու, համատեղ ԱԲ ծրագրերի իրականացման և Հայաստանի տեխնոլոգիական ու մարդկային ներուժը եվրոպական գործընկերների հետ կապելու հնարավորություններին։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել CEPA-ի իրականացման ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ թվային կապի զարգացման հարցեր։