
ԱրմԻնֆո. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվող ռազմավարական գործընկերության համատեքստում էներգետիկ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, և հայկական կողմը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը Հայաստանի էներգետիկ համակարգի և տարածաշրջանի էներգետիկ փոխկապակցվածության զարգացման նկատմամբ։ Այս մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և բիզնես հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների վարչության տնօրեն Փոլ Հուփերի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։
Ինչպես հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը, քննարկման կենտրոնում էին էներգետիկ անվտանգության ամրապնդման, մատակարարումների դիվերսիֆիկացման, համակարգի կայունության բարձրացման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ էներգետիկ համակարգի ռազմավարության առանցքային դրույթները, ռազմավարությունից բխող առաջնահերթությունները, իրականացվող ծրագրերը, ռիսկերի նվազեցմանն ու էներգիայի կուտակման համակարգերի ներդրմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընդունված էներգետիկայի մասին նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերից։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրաբանական ծառայության ստեղծման հարցերին, ներկայացվել են դրա ստեղծման համար խորհրդատուի ընտրության մրցույթի մանրամասները։ Հանրապետական երկրաբանական ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական ուսումնասիրությունների, հեռահար զոնդավորման և առկա տվյալների մշակման անհրաժեշտությունն ու հեռանկարները՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում։
Կողմերն անդրադարձել են նաև ոլորտային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, ինչպես նաև առաջավոր միջազգային փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված հարցերին։