
ԱրմԻնֆո: ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը Դանիայի գործարարների ասոցիացիայի (DANEX) անդամների հետ քննարկել է Հայաստանի և Դանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները, և այս համատեքստում՝ DANEX-ի հետ համագործակցության զարգացումը։
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Հայ դիվանագետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ այս համատեքստում ընդգծելով անցյալ շաբաթ ընդունված ԵՄ կանոնակարգի կարևորությունը, որը Հայաստանին տրամադրում է ինքնավար առևտրային միջոցառումներ։
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի անդամներին ներկայացվել են տարածաշրջանում խաղաղ ժամանակաշրջանում կապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։