Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 14:40

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին

Արմինֆո. Գլխավոր տնօրենից կամ անմիջական ղեկավարից անակնկալ հաղորդագրություն ստանալն ինքնին անհանգստացնող է։ Իսկ եթե ղեկավարը պահանջում է անհապաղ վճարում իրականացնել, զգուշացնում «գաղտնի գործարքի» մասին և խնդրում ոչ ոքի ոչինչ չհայտնե՞լ։ Շատ աշխատակիցներ նախընտրում են պարզապես կատարել հանձնարարությունն ու ավելորդ հարցեր չտալ։ Հենց սրա վրա է հիմնված կորպորատիվ զեղծարարության ամենավտանգավոր սխեմաներից մեկը՝ հայտնի «Fake Boss» կամ «CEO fraud»։

 

            Խաբեության մեխանիզմը. երբ «ղեկավարը» պահանջում է անհապաղ գործել

  • Ղեկավարի ինքնության կեղծում։ Զեղծարարները մեսենջերում ստեղծում են օգտահաշիվ՝ ղեկավարի իրական անունով և լուսանկարով, կեղծում էլեկտրոնային փոստի հասցեն կամ մուտք գործում նրա իրական օգտահաշիվ։ Առավել բարդ իրավիճակներում օգտագործվում են դիպֆեյքեր՝ ղեկավարի ձայնով կամ նույնիսկ տեսանյութով։
  • Զոհի ընտրություն։ Սովորաբար հանցագործները թիրախավորում են այն աշխատակիցներին, ովքեր հասանելիություն ունեն ֆինանսներին կամ կորպորատիվ կարևոր տեղեկատվությանը՝ հաշվապահներին, ֆինանսիստներին, ղեկավարների օգնականներին և ստորաբաժանումների ղեկավարներին։
  • Անհապաղ հանձնարարություն։ «Ղեկավարը» պահանջում է անմիջապես գումար փոխանցել նոր գործընկերոջը, փոխել մատակարարի բանկային տվյալները, ուղարկել գաղտնի փաստաթղթեր կամ տրամադրել ներքին համակարգի գաղտնաբառը։ Հաճախ աշխատակցին համոզում են փոխանցել նույնիսկ սեփական միջոցները՝ խոստանալով հետագայում ամբողջությամբ փոխհատուցել։
  • Ճնշում և գաղտնիություն։ Զեղծարարները մշտապես շեշտում են՝ «սա անհետաձգելի է», «գործարքը հրատապ է», «ոչ ոքի չասեք», «հարցը ղեկավարության վերահսկողության տակ է»։ Երբեմն ավելացնում են նաև ստուգումների, տուգանքների կամ ընկերության ու հենց աշխատակցի համար լուրջ խնդիրների սպառնալիքներ։

 

            Կարևոր հանգամանք


            Գլխավոր զենքն այս սխեմայում ղեկավարի հեղինակությունն է։ Սովորական աշխատանքային միջավայրում աշխատակիցները սովոր են արագ կատարել ղեկավարության հանձնարարականները, իսկ վերադաս ղեկավարի կարգադրությունը վերստուգելը երբեմն թվում է անվստահության դրսևորում կամ նույնիսկ սուբորդինացիայի խախտում։

            Հենց այդ պատճառով էլ «շտապ», «գաղտնի» և «անձնական հանձնարարություն» բառերի զուգորդումը, ընդհակառակը, պետք է առավելագույնս զգոնացնի։ Անգամ եթե նամակը ստացվել է ծանոթ հասցեից կամ հաղորդագրության մեջ տնօրենի իսկական լուսանկարն է, դա դեռևս չի նշանակում, որ ձեզ հետ իսկապես ղեկավարն է կապ հաստատել։

 

           

 

            Իրավաբանական ծուղակ

            Երբ աշխատակիցն ինքն է նախաձեռնում վճարումը կամ պաշտոնական բանկային ուղիներով տալիս միջոցների ելքագրման կարգադրություն, բանկի ավտոմատ համակարգն այն համարում է լիովին վավեր և օրինական: Քանի որ գործողությունը հաստատված է ընկերության լիազորված անձի կողմից, խաբեության փաստն ապացուցելն ու վճարման բողոքարկման ընթացակարգով գումարը հետ վերադարձնելը դառնում է գրեթե անհնար:

 

            IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Միշտ վերստուգեք ոչ ստանդարտ հանձնարարությունները։ Եթե ղեկավարն անսպասելիորեն պահանջում է գումար փոխանցել կամ փոխել վճարման տվյալները՝ զանգահարեք նրան ձեզ հայտնի համարով կամ հանձնարարությունը հաստատեք անձնական հանդիպման ժամանակ։
  • Օգտագործեք կապի երկրորդ ուղի։ Մի պատասխանեք այն նույն նամակագրությամբ, որտեղից ստացվել է հարցումը․ օգտահաշիվը կամ էլեկտրոնային փոստը կարող են կոտրված լինել։
  • Մի խախտեք կորպորատիվ ընթացակարգերը «հրատապության» պատճառով։ Ոչ ստանդարտ վճարումները պետք է անցնեն սահմանված համաձայնեցման գործընթացը, նույնիսկ եթե «ղեկավարը» պահանջում է ամեն ինչ անել անհապաղ և գործընկերներից գաղտնի։
  • Սահմանեք կրկնակի հաստատման ընթացակարգ։ Խոշոր և ոչ ստանդարտ փոխանցումները պետք է հաստատվեն առնվազն երկու պատասխանատու աշխատակցի կողմից։

 

            Հիշե՛ք. իսկական ղեկավարը դեմ չի լինի, որ դուք մի քանի րոպե ծախսեք բազմամիլիոնանոց վճարումը վերստուգելու համար։ Եթե ձեզ ստիպում են ընտրություն կատարել «հրամանն անհապաղ կատարելու» և «տեղեկությունը կրկին ստուգելու» միջև, միշտ ընտրեք երկրորդը։ Ձեր զգոնությունը կարող է փրկել ընկերության գումարները, նրա համբավն ու ձեր սեփական կարիերան։