
Արմինֆո.Ներդրումների մասին նոր օրենքը պետք է պարունակի խթանիչ թիրախային նախաձեռնություններ ներդրողների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ Հայաստանում «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետությունում» խորագրով երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ:
Ընդ որում, նա նշել է, որ խոսքը միայն հարկային արտոնությունների մասին չէ, ինչն, անշուշտ, կարեւոր է, բայց պետք է հաշվի առնել նաեւ այլ գործոններ: «Պետք է հաշվի առնել, օրինակ, մարդկային կապիտալը: Անհրաժեշտ է պարզեցնել բիզնեսի եւ կառավարության միջեւ կապը ծառայությունների թվայնացման, ժամանակակից արդյունավետ կառավարման եւ այլնի միջոցով", - նշել է էկոնոմիկայի փոխնախարարը։
Կառավարության օրակարգի իրականացման համար, ըստ նրա, անհրաժեշտ է թիրախավորել միջազգային կորպորացիաներին և ներդրողներին, իսկ նոր օրենքը պետք է նրանց կյանքն ավելի կանխատեսելի դարձնի:
"Եվ այս առումով նոր օրենքը մեկնարկի լավ կետ է , բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք իրականացնելու, ինչը լրացուցիչ քայլեր է պահանջում", - ընդգծել է Գասպարյանը:
Նշենք, որ 2026 թվականի համաժողովի ուշադրության կենտրոնում են Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունները, կապիտալի ներգրավման նոր հնարավորությունները, երկրի մրցակցային դիրքերի ամրապնդումը գլոբալ տնտեսական փոփոխությունների պայմաններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական համակարգում Հայաստանի դերի ընդլայնումը:
Գործարար ծրագիրը միավորում է լիագումար նստաշրջանը և պանելային քննարկումները՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումային գործիքներին, ֆինանսական ինստիտուտների դերին, ֆինանսական հատվածի թվային փոխակերպմանը և մարդկային կապիտալի զարգացմանը:
Հայ և միջազգային փորձագետները կքննարկեն նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի հետագա ինտեգրման հնարավորությունները, միջազգային կապիտալի ներգրավման մեխանիզմները, երկրի ՝ որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ներուժը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը:
Համաժողովը համախմբել է ավելի քան 500 մասնակիցների, այդ թվում ՝ պետական, ֆինանսական և գործարար հատվածների, ինչպես նաև փորձագիտական հանրության ներկայացուցիչների: