Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 20:50
Մարիաննա Մկրտչյան

Գերմանիայից առաջին անգամ օդային ճանապարհով Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ

Գերմանիայից առաջին անգամ օդային ճանապարհով Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ

ԱրմԻնֆո.  Գերմանիայից օդային ճանապարհով Հայաստան են ներմուծվել հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ։ Ինչպես հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, սա օդային ճանապարհով Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման առաջին դեպքն է։

 

Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։

 

«Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ Հայաստանում անասնաբուծության զարգացման 2019-2024 թվականների կառավարության ծրագրի շրջանակներում հանրապետություն են ներմուծվում խոշոր եղջերավոր անասունների հոլշտինյան, շվեյցարական, սիմենթալյան, մոնբելյարի և ջերսեյան ցեղատեսակների տոհմային երինջներ, որոնցից և նրանց սերունդներից տարեկան ստանում են ավելի քան 2400 գլուխ բարձրարժեք սերունդ, ինչը թեև սահմանափակ է, սակայն իրենից ներկայացնում է հարուստ գենոֆոնդ հանրապետությունում բուծվող մսատու անասունների տոհմային և արտադրողական բնութագրերի բարելավման համար:

 

Բացի այդ, կառավարությունն ընթացիկ տարվա մայիսի 21-ի նիստում փոփոխություններ է կատարել անասնաբուծության զարգացման 2025-2029 թվականների ծրագրում՝ անասնաբուծության զարգացմամբ հետաքրքրված շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: