
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ինչպես նաև Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ:
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները՝ արտահանման դիվերսիֆիկացում, արտադրողականության բարձրացում, ներդրումների ներգրավում և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանման խթանում։
Այնուհետև քննարկվել են համագործակցության հնարավորությունները առևտրի և ներդրումների, ինտենսիվ գյուղատնտեսության, արդյունաբերական կլաստերների զարգացման, ինչպես նաև արտադրության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով։
Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման նպատակով երկկողմ B2B հանդիպումների կազմակերպումը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիսին աճել է 35,7%-ով՝ կազմելով 291.1 մլն դոլար: Ընդ որում, արտահանման մատակարարումների ծավալները նվազել են 19,5%-ով՝ մինչև 23.8 մլն դոլար՝ ներմուծման 44,5%՝ մինչև 267.3 մլն դոլար աճի ֆոնին։