
ԱրմԻնֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է BOLD Business 2031 LinkedIn Local Yerevan-ի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա հինգ տարիներին գործարար միջավայրի զարգացման հիմնական միտումները, տեխնոլոգիական փոփոխությունները, թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը և պետական-մասնավոր հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև նոր իրողություններին համապատասխան գործարար միջավայր ձևավորելու հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Կոմիտեի նախագահը, խոսելով առաջիկա տարիների գլոբալ փոփոխությունների մասին, մատնանշել է համաշխարհային տնտեսության բազմակենտրոնացումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, արհեստական բանականության ազդեցությունը և պետական-մասնավոր հարաբերությունների վերափոխման անհրաժեշտությունը։ Խոսելով հարկային վարչարարության ապագայի մասին՝ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ արհեստական բանականության գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները։
“Հարկային վարչարարությունը դառնում է կանխարգելիչ․ մենք հարկ վճարողներին ուղղորդում ենք դեպի կամավոր կարգապահություն, և արհեստական բանականությունը լայն հնարավորություններ է տալիս այս տեսլականը շատ արագ իրագործելու համար”, — ընդգծել է ՊԵԿ նախագահը։
Էդուարդ Հակոբյանն ընդգծել է կազմակերպությունների հստակ տեսլականի և առաքելության ձևակերպման կարևորությունը՝ նշելով, որ Կոմիտեն ունի սեփական տեսլականն ու առաքելությունը, և դրանց հիման վրա է կառուցվում իր ողջ գործունեությունը։