
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ին: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 5-ի նիստում հաստատել է խորհրդարանական հանձնաժողովներում նախնական քննարկումների ժամանակացույցը:
Ըստ ավանդույթի, քննարկումները կսկսվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Օրենքի նախագիծը կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: 2027 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է պետական բյուջեի եկամուտներ՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսեր՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը` 468.2 միլիարդ դրամ: Մոտավորապես 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամ եկամուտներ նախատեսվում է ստանալ հարկերից և պետական տուրքերից: Պետական սուբսիդիաները կկազմեն մոտավորապես 14.2 միլիարդ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 126.9 միլիարդ դրամ։
Նախագծի համաձայն՝ բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ մոտավորապես 187.5 միլիարդ դրամի և արտաքին աղբյուրներից՝ մոտավորապես 280.7 միլիարդ դրամի չափով։
Կառավարությունը կանխատեսում է 5.8% տնտեսական աճ։ Երկրում գնաճի նպատակային մակարդակը սահմանվում է 3% (+1.5% ընդունելի շեղումով)։