
ԱրմԻնֆո. Հայկական արմատներ չունեցող բելգիական ձեռնարկությունների ղեկավարները շուրջ 2 մլն եվրո են ներդրել հայկական հիմնադրամում։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը՝ ներկայացնելով բելգիական բիզնեսի՝ Հայաստան տնտեսական առաքելության ծրագիրը։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե որ հիմնադրամի մասին է խոսքը։
Սաֆարյանը պատմել է, որ այս առաքելությանը նախորդել են Բրյուսելում անցկացված երկու ավելի փոքր միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել է Հայաստանը։ "Դրանց մասնակցել է 40 մարդ։ Այժմ այս առաքելության շրջանակներում Հայաստան է ժամանել բելգիական ձեռնարկությունների շուրջ 15 ղեկավար։ Նրանց մի մասն արդեն այցելել է երկիր, իսկ մյուսների համար սա առաջին այցն է", - պատմել է պալատի նախագահը։
Գործարար կապերի զարգացմանը նպաստող գործոնների թվում նա առանձնացրել է երկրի տնտեսական աճը, Եվրամիության (ԵՄ) հետ փուլային մերձեցումը, ինչպես նաև հայկական շուկայի կոմպակտ չափը, որը հարմար է գործարար կապեր հաստատելու համար։ "Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ, կներկայացվեն առողջապահության, լոգիստիկայի, շինարարության, ՏՏ-ի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նաև հայտնել, որ հայկական արմատներ չունեցող բելգիացի գործարարները շուրջ 2 մլն եվրո են ներդրել հայկական հիմնադրամում",
- ամփոփել է Հայ-բելգիական առևտրային պալատի ղեկավարը։