Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 16:15
Մարիաննա Մկրտչյան

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 միլիոն եվրոյի երկու վարկ կտրամադրի

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 միլիոն եվրոյի երկու վարկ կտրամադրի

Արմինֆո. ՀՀ իշխանությունների հետ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) ստորագրել է 270 միլիոն եվրոյի համարժեք ֆինանսավորման համաձայնագիր։

 

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը, ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 250 միլիոն եվրոյի առաջին վարկը, որը ռեկորդային ցուցանիշ է, նախատեսված է աջակցելու ֆինանսական կառավարման ոլորտում պետական ​​բարեփոխումներին։ 23 միլիոն եվրոյի երկրորդ վարկը, որն առաջին անգամ արժույթավորվում է ՀՀ դրամով, ֆինանսավորում է խոցելի ընտանիքների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովումը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած պետական ​​այցից հինգ ամիս անց, մայիսին ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվում։

 

Նշվում է, որ 2012 թվականից ի վեր Հայաստանում գործող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) աջակցում է Հայաստանի իշխանություններին, տնտեսական ոլորտի դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը մի շարք ոլորտներում՝ հանրային ​​ֆինանսներ, բնակարանային ապահովում, ջրային ռեսուրսներ և գյուղատնտեսություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ձեռնարկատիրություն և ֆինանսական ներառականություն։ Երկրի նկատմամբ ԶՖԳ ընդհանուր պարտավորություններն այժմ կազմում են ավելի քան 850 միլիոն եվրո։

 

Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների աջակցության համար ռեկորդային բյուջետային ֆինանսավորում․ ԶՖԳ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը ստորագրել են 250 միլիոն եվրո արժողության ֆինանսավորման համաձայնագիր՝ 2026-2028 թվականների համար նախատեսված բազմամյա հանրային ​​քաղաքականության բյուջետային ֆինանսավորման նոր ծրագրի (FBPP) առաջին ենթածրագրի շրջանակում։ Սա մինչ օրս ԶՖԳ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համաֆինանսավորվող նախագիծը ներգրվում է 2016 թվականին սկսված համագործակցության շարունակականության մեջ։

 

Ծրագիրն աջակցում է բարեփոխումների երեք ուղղություն․ բյուջետային կառավարման և հանրային ֆինանսների բարելավում՝ ազգային և, առաջին անգամ՝ ենթաազգային մակարդակներով; ֆինանսական համակարգերի ամրապնդում և կայուն ֆինանսների խթանում; ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդում և մասնավոր ներդրումների համար բարենպաստ միջավայրի խթանում։

 

Նոր վարկային գիծ՝ խոցելի խմբերի համար բնակարանային հասանելիությանն աջակցելու համար․ ԶՖԳ-ն և Ազգային հիփոթեքային ընկերությունը (NMC), որը հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման մեջ մասնագիտացած պետական ​​ֆինանսական հաստատություն է, ստորագրել են 23 միլիոն եվրոյի նոր վարկային գիծ՝ ութ տարի մարման ժամկետով, որը ներառում է երկամյա արտոնյալ ժամկետ։

 

Առաջին անգամ Հայաստանում սույն ֆինանսավորումը տրամադրվում է ՀՀ դրամով՝ TCS-ի հետ գործընկերության և Եվրոպական Միության ներդրման շնորհիվ։

 

Այս վարկային գծի առնվազն 50%-ը, Կառավարության բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում, կուղղվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Սույն գործողությունը լրացնում է ԶՖԳ աջակցությունը Հայաստանի հանրային քաղաքականությանը՝ ուղղված բնակչության ամենախոցելի խմբերի բնակապահովմանը։

 

Վստահության վրա հիմնված հարաբերություն՝ ի սպաս Հայաստանի զարգացման․ ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկը նշում է, որ այս համաձայնագրերի ստորագրումը գործնականում ի ցույց է դնում ԶՖԳ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրությունը։ «Դրանք աջակցում են Հայաստանի տնտեսության կայունությանը և առավել խոցելի խմբերի համար պատշաճ բնակարանային պայմանների հասանելիությանը։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի կառավարության հետ համատեղ մենք նպատակ ունենք սույն պարտավորությունն ապահովել երկարաժամկետ հեռանկարում»։

 

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ֆինանսավորում և աջակցում է ավելի քան 4000 նախագիծ 160 երկրում՝ ջրի և էներգիայի հասանելիություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ, որակյալ աշխատատեղերի ստեղծում, կանաչ արդյունաբերացում, առողջապահության և կրթության համակարգերի աջակցություն և այլն։ ԶՖԳ գրուպն իր օժանդակ կառույցների միջոցով՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ)՝ կառավարություններին աջակցելու, Proparco-ն՝ ձեռնարկությունները ֆինանսավորելու և Expertise France-ը՝ տեխնիկական փորձաքննություն ապահովելու համար, լուծում է կայուն զարգացման հետ կապված բոլոր մարտահրավերները։ Ամեն տարի ԶՖԳ գրուպը հատկացնում է մոտ 14 միլիարդ եվրո ֆինանսավորում՝  հիմնականում գործընկերների կողմից մարվող վարկերի տեսքով, և բաժնետեր պետությանը վճարում շահաբաժին, օր․՝  100 միլիոն եվրո 2026 թվականին՝ ստացված 2025 թվականի զուտ եկամտից։