Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 15:03
Կարինա Մելիքյան

Հայաստանում ծխախոտի արտադրությունն սկսել է կրճատվել

Հայաստանում ծխախոտի արտադրությունն սկսել է կրճատվել

Արմինֆո. 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում կրճատվել է ծխախոտի արտադրության ծավալը՝ տարեկան 1,2% - ով (մեկ տարի առաջվա 40,4% աճի դիմաց)՝ կազմելով 27,3 մլրդ հատ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Վիճակագրական տվյալների համաձայն,  միաժամանակ ծխախոտը շարունակում է թանկանալ՝ տարեկան տեմպերի աննշան դանդաղմամբ՝ 2026թ. օգոստոսին մինչև 7 տոկոս՝ 2025թ. օգոստոսի 8,2 տոկոսից։ Համեմատության համար նշենք, որ 2023թ. ընթացքում ծխախոտի գներն աճել են 8,6 տոկոսից մինչև 11,5 տոկոս, այնուհետև 2024թ. նահանջել են մինչև 1,1 տոկոս, որից հետո 2025թ. կրկին գերազանցել են նախկին 8,7 տոկոսը՝ գրեթե այդ տեմպերով շարունակելով աճել նաև 2026թ.։

 

Վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ գներով Հայաստանում ծխախոտի արտադրանքի արտադրության ծավալը 2026թ. հունվար-օգոստոսին կրճատվել է տարեկան 8,6%-ով (մեկ տարի առաջվա 54,9% աճի դիմաց)՝ կազմելով 179,6 մլրդ դրամ։