Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 16:18
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են առանց ընդերքօգտագործման թույլտվության օգտակար հանածոների արդյունահանման դեպք

ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են առանց ընդերքօգտագործման թույլտվության օգտակար հանածոների արդյունահանման դեպք

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  բացահայտել է առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք:

 

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, վարչության 5-րդ բաժին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի անդեզիտների հանքավայրի հարակից տարածքում  իրականացվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում։

Տեղեկություններն իրացնելու նպատակով հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում տեղեկությունները հաստատվել են, մասնավորապես, պարզվել է, որ ճանապարհաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունը տվյալ տարածքում իրականացնում է անդեզիտանման լեռնային զանգվածի արդյունահանում և այդ լեռնային զանգվածը տեղափոխվում ու տեղադրվում է Շիրակի մարզի տարածքում կառուցվող ճանապարհահատվածի ենթաասֆալտային շերտում։

 

Պարզվել է նաև, որ հիշյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել։ Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով, միջոցառումների շրջանակում, գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

 

Համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ 2025թ-ի  հուլիսից մինչև 2026թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34,691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։

 

«Հաշվի առնելով ձեռք բերված փաստական տվյալները և հանգամանքները՝ առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստով հարուցվել է վարչական վարույթ: Միաժամանակ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթը:

 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարները շահագործելուց», - ասվում է հաղորդագրությունում: