
Արմինֆո.Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից Հայաստանին 240 մլն դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ՝ Հայաստանի բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի իրականացման համար: Օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:
Նա հիշեցրել է, որ բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական ծրագիրը գնահատվում է 880 մլն դոլար, ինչը նախատեսում է միջոցներ ինչպես պետբյուջեից, այնպես էլ՝ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությունից:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայացված նախագծի շրջանակներում ֆինանսավորումը կազմում է 284.4 մլն դոլար, որից 240 մլն դոլար' ՎԶՄԲ-ի փոխառու միջոցներ, 24 մլն դոլար' Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի դրամաշնորհ, 10 մլն դոլար' Livable Planet Fund (LPF) հիմնադրամի դրամաշնորհ, ինչպես նաեւ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից ՎԶՄԲ-ի կողմից ներգրավված 10 մլն դոլար վարկային միջոցները' ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացման համար: Վարկի մարման ժամկետը 29 տարի է, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատված է: Վարկը տրամադրվում է լողացող տոկոսադրույքով, որն այս պահին կազմում է 5.53%:
Բուն ծրագիրը, ինչպես նշել է Քոչարյանը, բաղկացած է երեք բաղադրիչներից․ բնակարանային սուբսիդիաներ եւ ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցություն, բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում, նախագծի կառավարում, մոնիթորինգ, գնահատում, բողոքների ուսումնասիրման մեխանիզմի զարգացում:
Ծրագրի շրջանակներում կանխիկ աջակցություն, փոխնախարարի խոսքով, կտրամադրվի 45 հազար տեղահանված անձանց, իսկ 6500 ընտանիք կստանա բնակարանի ձեռք բերման հավաստագիր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր 2024թ.մայիսի 16-ի որոշմամբ հաստատել և իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելուն աջակցության պետական ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս վկայական է ստացել 6125 ընտանիք, որոնցից 2835-ն արդեն օգտվել է դրանցից։ Նշված ծրագրի շրջանակներում պետական բյուջեից արդեն իսկ վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ: