Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026 15:48
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի և Բելգիայի գործարար համայնքները քննարկել են նոր գործընկերային կապերի ձևավորման հնարավորությունները

Հայաստանի և Բելգիայի գործարար համայնքները քննարկել են նոր գործընկերային կապերի ձևավորման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության և Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կազմակերպած՝ «Connecting Businesses, Creating Opportunities» («Միավորելով գործարարներին՝ ստեղծում ենք հնարավորություններ») խորագրով գործարար հանդիպմանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառման շրջանակում նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորելով Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցության խորացումը, գործարար կապերի ընդլայնումը և նոր գործընկերության ձևավորումը։

 

Արամ Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, բարձր ավելացված արժեքով արտադրության խթանման, արտահանման շուկաների բազմազանեցման և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության առաջնահերթություններին։

 

Միջոցառմանը մասնակցել են բելգիական գործարար պատվիրակության և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ՝ քննարկելով փոխգործակցության հնարավորություններն ու նոր գործընկերությունների ձևավորման հեռանկարները։

 

Նշենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հունվար-օգոստոսին Հայաստանի եւ Բելգիայի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 76,8 տոկոսով ՝ կազմելով 193,3 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը գրանցել է 95,2 տոկոս աճ ՝ մինչեւ 144,5 մլն դոլար, ներմուծման 38,2 տոկոս աճի ֆոնին՝ մինչեւ 48,8 մլն դոլար։-