
Արմինֆո. Վերջին վեց տարիների ընթացքում «ԳՊՄ Գոլդ»-ը ստիպված է եղել հաղթահարել լուրջ արտադրական և կազմակերպչական փորձություններ։ Ընկերությունը փոխել է Սոթքի հանքավայրի մշակման ռազմավարությունը՝ անցնելով ստորգետնյա եղանակի, վերակազմավորել է արտադրական գործընթացները և ուժեղացրել անվտանգության ապահովման մոտեցումները։ Այսօր Սոթքի հանքն աշխատում է նախագծային հզորությամբ, իսկ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան վերամշակում է Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերից ստացվող հանքաքարը։ Այն մասին, թե ինչպես է ընկերությանը հաջողվել հաղթահարել տուրբուլենտության շրջանը, ինչ խնդիրներ են այսօր ծառացած Արարատի կորզման ֆաբրիկայի առջև և որ ուղղություններն են որոշելու «ԳՊՄ Գոլդ»-ի հետագա զարգացումը, պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինը։
Պարոն Գոգոտին, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան նշում է իր 20-ամյակը։ Ի՞նչ կցանկանայիք մաղթել Ասոցիացիային այս նշանակալի տարեդարձի կապակցությամբ։
Նախ ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային 20-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ասոցիացիայի ղեկավարությանն ու աշխատակազմին՝ ոլորտի շահերից բխող երկարամյա աշխատանքի համար։
Քսան տարվա ընթացքում Ասոցիացիան դարձել է մասնագիտական երկխոսության, ոլորտի ձեռնարկությունների համախմբման և բիզնեսի ու պետական կառույցների միջև համագործակցության կարևոր հարթակ։ Ռազմավարական նշանակություն ունեցող հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի համար մասնագիտական ոլորտային միավորման առկայությունը մեծ նշանակություն ունի։
Ասոցիացիային մաղթում եմ հետագա զարգացում, նոր նախաձեռնություններ, կառուցողական համագործակցություն պետության հետ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի ամբողջ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի։
Վերջին վեց տարիները «ԳՊՄ Գոլդ»-ի համար հեշտ չէին։ Ինչպե՞ս կբնութագրեք այս ժամանակահատվածը։
Դա լուրջ փորձությունների շրջան էր։ Ընկերությունն աշխատում էր փոփոխվող պայմաններում, բախվում էր արտադրական և կազմակերպչական դժվարությունների և ստիպված էր կայացնել որոշումներ, որոնք որոշիչ էին լինելու նրա հետագա զարգացման համար։
Ամենակարևոր արդյունքն այն եմ համարում, որ մեզ հաջողվեց պահպանել արտադրական ակտիվներն ու թիմը և միաժամանակ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել արտադրական համակարգում։ Բարդ ժամանակաշրջանը դարձավ աշխատանքի նկատմամբ մոտեցումները վերաիմաստավորելու և ընկերության առավել կայուն գործունեության հիմքը ձևավորելու ժամանակ։
Հիմնական որոշումներից մեկը Սոթքի հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման անցումն էր։ Ինչպե՞ս է այսօր աշխատում հանքը, և ի՞նչ էր անհրաժեշտ այս նախագիծն իրականացնելու համար։
2020 թվականից Սոթքի հանքավայրի աշխատանքներն իրականացվում էին ընդհատումներով, ուստի ընկերության առջև խնդիր էր դրված գտնել այնպիսի լուծում, որը կապահովեր արտադրության անվտանգությունն ու երկարաժամկետ կայունությունը։
2021 թվականին մենք որոշում կայացրեցինք անցնել հանքավայրի ստորգետնյա մշակման։ Դա պահանջեց արտադրական համակարգի լուրջ վերակազմավորում՝ ենթակառուցվածքներից և տեխնիկական լուծումներից մինչև աշխատանքի կազմակերպումն ու մասնագետների պատրաստումը։

Մեծ ուշադրություն է դարձվել առկա ենթակառուցվածքների հարմարեցմանը և անձնակազմի վերապատրաստմանը։ Ստորգետնյա աշխատանքները պահանջում են հատուկ պատրաստվածություն և անվտանգության նկատմամբ խիստ վերաբերմունք։ Մենք մշակել և ներդրել ենք համապատասխան տեխնիկական անվտանգության քաղաքականություն։
Այսօր Սոթքի հանքն աշխատում է նախագծային հզորությանը համապատասխան՝ տարեկան մոտ 400 հազար տոննա հանքաքարի ծավալով։ Մեզ համար սա կարևոր արդյունք է, որը հաստատում է, որ մշակման նոր մոդելը հնարավորություն է տվել վերականգնել ձեռնարկության կայուն աշխատանքը։
Ինչպե՞ս է այսօր աշխատում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, և ի՞նչ խնդիրներ են ծառացած նրա առջև։
Արառատի կորզման ֆաբրիկան շարունակում է մնալ ընկերության արտադրական շղթայի կարևորագույն օղակը։ Այժմ ֆաբրիկան վերամշակում է Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերից ստացվող հանքաքարը։
Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք արտադրական հզորությունների լրացուցիչ բեռնվածության հնարավորությունները։ Մասնավորապես, ուսումնասիրում ենք փոքր հանքավայրերի հետ համագործակցության տարբերակներ, որոնք պոտենցիալ կարող են ապահովել հումքի լրացուցիչ ծավալ։
Զուգահեռաբար շարունակում ենք Արառատի ֆաբրիկայում պոչանքների վերամշակման նախագծի աշխատանքները, այդ թվում՝ ՇՄԱԳ-ի համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը։ Այս նախագծում մենք տեսնում ենք միաժամանակ տնտեսական և բնապահպանական ներուժ՝ լրացուցիչ ռեսուրսների կորզման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման հնարավորություն։
«ԳՊՄ Գոլդ»-ը գործունեություն է ծավալում Գեղարքունիքի և Արարատի մարզերում և հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը։ Ինչպե՞ս է ընկերությունն այսօր ընկալում իր սոցիալական պատասխանատվությունը։
Սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության գործունեության անբաժանելի մասն է։ Մենք հասկանում ենք, որ մեր ձեռնարկությունների աշխատանքն անմիջականորեն ազդում է այն համայնքների կյանքի վրա, որտեղ դրանք տեղակայված են, իսկ շատ բնակիչների համար դրանք աշխատատեղի և կայուն եկամտի աղբյուր են։
Ընկերությունը կատարում է օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարտավորությունները, իրականացնում է տեղական վճարումներ համայնքներին և կատարում լիցենզային համաձայնագրերով նախատեսված սոցիալական պարտավորությունները։ Սակայն մենք կարծում ենք, որ բիզնեսի պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի միայն պարտադիր վճարումներով։
Այդ պատճառով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում այն նախագծերին, որոնք երկարաժամկետ և կենսական ազդեցություն ունեն բնակիչների համար։ Մասնավորապես, մասնակցում ենք համայնքների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի համակարգերի, գազաֆիկացման, մանկապարտեզների, մշակույթի տների և զբոսայգիների վերակառուցման հետ կապված նախագծերին։
Մենք ցանկանում ենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք իսկապես բարելավում են մարդկանց կենսապայմանները և ստեղծում համայնքների համար հետագա զարգացման հնարավորություններ։
Միևնույն ժամանակ ընկերության գլխավոր սոցիալական ներդրումը շարունակում են մնալ կայուն աշխատատեղերի ապահովումը, աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումը և մեր գործունեության տարածաշրջաններում պատասխանատու ներկայությունը։
Կարելի՞ է այսօր խոսել տուրբուլենտության շրջանի ավարտի և ընկերության զարգացման նոր փուլի մասին։
Ես կասեի, որ մենք հաղթահարել ենք ամենաբարդ փուլը և այսօր արդեն ունենք կայուն հետագա աշխատանքի համար անհրաժեշտ հիմքը։
Վերջին վեց տարիների ընթացքում մենք փոխել ենք արտադրական ռազմավարությունը, վերակազմավորել արտադրական գործընթացները, պատրաստել անձնակազմ և ձևավորել անվտանգության ապահովման նոր մոտեցումներ։ Այսօր Սոթքի հանքն աշխատում է նախագծային հզորությամբ, Արարատի ֆաբրիկան շարունակում է աշխատել Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի հումքով, իսկ մենք միաժամանակ փնտրում ենք ֆաբրիկայի լրացուցիչ բեռնվածության և նոր նախագծերի իրականացման հնարավորություններ։

Հաջորդ փուլը արդյունավետության հետագա բարձրացումն է, ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, կադրային ներուժի զարգացումը և նոր ուղղությունների իրականացումը։
Ես համոզված եմ, որ «ԳՊՄ Գոլդ»-ն ունի հետագա զարգացման ներուժ։ Այդ ներուժի գլխավոր գործոնը մարդիկ են՝ պրոֆեսիոնալ և փորձառու թիմը, որը կարողացավ հաղթահարել բարդ ժամանակաշրջանը և ապահովել ընկերության կայուն աշխատանքի վերականգնումը։
Այսօր մենք վստահությամբ ենք նայում ապագային և պատրաստ ենք շարունակել աշխատանքը ոչ միայն ընկերության զարգացման, այլև մեր գործունեության տարածաշրջանների և Հայաստանի ամբողջ հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ոլորտի կայուն զարգացման համար։