
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի ներքո գործող Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի (College of Defence Management) պատվիրակությանը՝ քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թակուր Մայանկ Սինհանի գլխավորությամբ։
Ինչպես հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության մամուլի ծառաայությունը, Արամ Ջիվանյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Նա կարևորել է նաև Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիական ընկերությունների ներկայությունը և դրանց դերը ոլորտի զարգացման գործում։
Թակուր Մայանկ Սինհանն, իր հերթին, նշել է, որ քոլեջի գործունեությունն ուղղված է պաշտպանական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների և կառավարչական հմտությունների զարգացմանը։ Քոլեջի ուսումնական ծրագրերն ընդգրկում են պաշտպանության ոլորտում կիրառվող մասնագիտական տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, բժշկություն և հոգեբանություն։
Կողմերը կարևորել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։