Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026 11:06

«Ռեսուրսներից դեպի հնարավորություններ». Հայաստանում մեկնարկել է Mining Armenia Forum 2026-ը

«Ռեսուրսներից դեպի հնարավորություններ». Հայաստանում մեկնարկել է Mining Armenia Forum 2026-ը

ԱրմԻնֆո. Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր քաղաքում իր աշխատանքն է սկսել խոշոր միջազգային Mining Armenia Forum 2026-ը, որը միավորել է Հայաստանի և արտերկրի տասնյակ հանքարդյունաբերական և հարակից ընկերությունների ներկայացուցիչների։ Ֆորումն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։   

 

Ֆորումում հանդես կգա շուրջ 50 բանախոս, այդ թվում՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայուն զարգացման ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիաների մատակարարներ, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

 

Միջոցառման աշխատանքը բացած՝ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի ասոցիացիայի նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանի խոսքով՝ Mining Armenia Forum-ը Հայաստանի ամենամեծ միջազգային համաժողովն է, որը ծառայում է որպես բովանդակալից երկխոսության հարթակ՝ կառավարության, բիզնեսի, գիտական շրջանակների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Այս տարի միջազգային գործընկերների մասնակցությունն աննախադեպ է՝ խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մինչև աշխարհի առաջատար փորձագետներ և հանքարդյունաբերության ոլորտի ղեկավարներ, ինչպես նաև ավելի քան 15 երկրների հյուրեր։ Սա վկայում է Հայաստանի հանքարդյունաբերական, իսկ ավելի լայն իմաստով՝ տնտեսական ներուժի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ «Մեր նպատակն է այս հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների, գործնական համագործակցության և ոլորտի արդիականացմանն ուղղված լուծումների», - նշել է Ջանյանը։

 

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և համաշխարհային լավագույն փորձի ներդրում։ «Լիդիան Արմենիա»-ի փորձը և Ամուլսարի նախագծի զարգացման ամբողջ ուղին՝ հանքավայրի հայտնաբերումից և հետախուզումից մինչև շահագործման մեկնարկը, ցույց են տալիս, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել խոշոր հանքարդյունաբերական նախագծեր, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին։ Համոզված եմ, որ ոլորտի ապագան պետք է կառուցվի մրցունակության, նորարարությունների, բնապահպանական պատասխանատվության և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա։ Այս առումով Mining Armenia Forum-ը կարևոր հարթակ է միջազգային փորձի համախմբման, գիտելիքների և փորձի փոխանակման խթանման, նոր գործընկերությունների ձևավորման և ոլորտի զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար», - նշել է «Լիլիան Արմենիա» ընկերության ղեկավար Հայկ Ալոյանը։

 

Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը հսկայական դեր է խաղում երկրի արտահանման ներուժի ձևավորման գործում։ Բանկը երկար տարիներ հանդես է գալիս որպես ոլորտի խոշորագույն ընկերությունների ֆինանսական գործընկեր, և դրանց ներուժի արդյունավետ իրացման համար, խորհրդատվական, ֆինանսական և ներդրումային գործիքների կիրառմանը զուգահեռ, կարևոր են նաև պատասխանատու մոտեցումը, երկարաժամկետ տեսլականը և նորարարական լուծումները։ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» կարգախոսը լիովին համահունչ է մեր մոտեցմանը»։

 

Mining Armenia Forum-ի կազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի ասոցիացիան։ Ֆորումի ռազմավարական հովանավորներն են երկրի հանքարդյունաբերության խոշորագույն խաղացողները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Ֆորումի գլխավոր հովանավորներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Թեղուտ» ՓԲԸ-ն։