
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը խորհրդարան կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է դեղագործական շուկայում մրցակցության զարգացմանը, դեղերի արժեքի նվազեցմանը և որակյալ դեղերի նկատմամբ քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը: Արդյունքում, ինչպես նշել է քաղաքական գործիչը, դեղերի արժեքը պետք է նվազի 20 տոկոսով։ Խոսելով այն մասին, թե ինչու են որոշել նման առաջարկով հանդես գալ, Կարապետյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ընտրություն կատարել դեղորայք և սննդամթերք գնելու միջև: "Այս խնդիրը հատկապես սուր է այն մարզերում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան։ Հայաստանում դեղը զգալիորեն ավելի թանկ է, քան հարեւան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ՝ եվրոպական պետություններում", - ուշադրություն է հրավիրել խմբակցության ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ դեղերի բարձր արժեքի հիմնական պատճառներից մեկը Հայաստանում դրանց գրանցման գործող սահմանափակումներն են։ Նրա խոսքով՝ միջազգային դեղագործական կորպորացիաները պետք է միլիոնավոր դրամներ վճարեն յուրաքանչյուր դեղի գրանցման համար, իսկ հետո մոտ վեց ամիս սպասեն, մինչեւ ընթացակարգն ավարտվի: "Հայկական շուկայի փոքր ծավալի պատճառով ընկերությունները հաճախ շահագրգռված չեն անցնել այդ ընթացակարգը, ինչի արդյունքում շատ դեղեր չեն գրանցվում երկրում", - նշել է Կարապետյանը:
Որպես արդյունք, նրա ասելով, Հայաստանում գրանցված է 4000-ից մի փոքր պակաս դեղամիջոց, մինչդեռ, եվրոպական երկրների մեծ մասում՝ մոտ 25 000: Իսկ խոսելով դրանց արժեքի մասին՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղամիջոցը՝ Մետֆորմինը, Վրաստանում արժե 920 դրամ, Հայաստանում ՝ 1700 դրամ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար նախատեսված դեղամիջոցը՝ Ռոզուլիպը, Վրաստանում արժե 2800 դրամ, իսկ Հայաստանում ՝ 5600 դրամ, հակաբիոտիկ Ամոքսիկլավը Վրաստանում ՝ 2400 դրամ, Հայաստանում ՝ 4100 դրամ և այլն: Այսինքն, ինչպես նշել է քաղաքական գործիչը, եվրոպական գրեթե բոլոր դեղերի Հայաստանում մի քանի անգամ ավելի թանկ են՝ քան Վրաստանում: "Հանրապետությունում տարեկան գրանցվում է 150-200 նոր դեղամիջոց։ Եթե այդ տեմպերը պահպանվեն, ապա Հայաստանին մոտ 100 տարի կպահանջվի եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար", - կարծում է քաղաքական գործիչը։
Որպես լուծում, ինչպես պատմել է Կարապետյանը, իրենց խմբակցությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել Եվրոպական միությունում արդեն իսկ գրանցված դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ յոթ օրվա ընթացքում, և գրանցման վճար սահմանել 50 000 դրամ: Կարապետյանի խոսքով ՝ նախաձեռնության իրականացումը թույլ է տալիս միանգամից մի քանի խնդիր լուծել։ "Եվրոպական դեղամիջոցները խիստ ստանդարտացում են անցնում, իսկ դրանց արժեքը եվրոպական շուկայում կրկնակի ցածր է, քան Հայաստանում։ Գրանցման պարզեցումը պետք է կրճատի դեղերի ստվերային շրջանառությունը։ Չէ որ՝ այժմ քաղաքացիները հաճախ իրենց ծանոթներին խնդրում են դեղեր բերել Եվրոպայից կամ Ռուսաստանից, դրա պատճառով Հայաստանի բյուջե լրացուցիչ հարկեր չեն մտնում։ Նման դեղերի գրանցումից հետո դրանց պաշտոնական մատակարարումները երկիր թույլ են տալիս իջեցնել գները եւ լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել բյուջե", - ասել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, նրա խոսքով, նախաձեռնությունը թույլ կտա պետությանը տնտեսել տասնյակ միլիարդավոր դրամ՝ ապահովագրության համակարգի շրջանակներում։ Դեղերի արժեքի նվազումը, նրա խոսքով, հնարավորություն կտա պետության ապահովագրության համակարգում ընդգրկել ավելի մեծ թվով քաղաքացիների։ "Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Այս պահին "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը մտադիր է դրա քննարկումը սկսել խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ։ Ընդհանուր առմամբ, մեր քաղաքական ուժը նախատեսում է հետևողականորեն իրականացնել նախկինում ներկայացված բոլոր հինգ տնտեսական նախագծերը։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ, անգամ, չգտնվելով իշխանության ղեկին, մենք մտադիր ենք առավելագույնս կատարել մեր բոլոր խոստումները։ Մենք ընդամենը մեկ տարի 4 ամիս ունենք այդ նախաձեռնությունն իրականացնելու համար", - ամփոփել է Կարապետյանը։