
Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները:
Քաղավիացիայի կոմիտեի Facebook-յան էջում հրապարակված ուղերձոււմ Թորոսյանը դիմում է ուղևորներին, գործարարներին, ավիացիայի ոլորտի մասնագետներին և գործընկերներին:
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում ցանկանում եմ ներկայացնել մեր աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։
Դիմելով ուղևորներին՝ կոմիտեի նոր ղեկավարն ընդգծել է, որ նպատակը շարունակում է լինել Երևանն ու Գյումրին տարածաշրջանի և աշխարհի ավելի շատ քաղաքների հետ ուղիղ չվերթներով կապելը, մրցակցության միջոցով ավելի մատչելի գներին նպաստելը և ուղևորների իրավունքների պաշտպանությունը ԵՄ լավագույն փորձին համահունչ ամրապնդելը, եւ թռիչքների անվտանգությունը կոմիտեի աշխատանքի հիմքում է։
«Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին․ արտահանման առանձին ուղղություններում առաջացող դժվարություններն ընդգծում են շուկաների և փոխադրման ուղիների բազմազանեցման անհրաժեշտությունը։ Կառավարության այս առաջնահերթությանը նպաստելու համար կարևորում եմ բեռնային ավիափոխադրումների հնարավորությունների ընդլայնումը՝ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ հասնելու ավելի հուսալի և մրցունակ ուղիներ ստեղծելու նպատակով։
Ոլորտի մասնագետներին և ընկերություններին․ Հայաստանի օդային կապերի ընդլայնումը մեր համատեղ աշխատանքի առանցքն է։ Պաշտոնավարմանս առաջին 100 օրերի ընթացքում նախատեսում եմ հանդիպել ոլորտի հիմնական ներկայացուցիչներին՝ լսելու Ձեր մտահոգություններն ու առաջարկները և հստակեցնելու համատեղ քայլերը։
Հայաստանյան ավիաընկերություններին․ կարևորում ենք Ձեր մասնագիտական և գործառնական կարողությունների ամրապնդումը, մրցունակության բարձրացումը և Ձեր կողմից իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների կայուն ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը։
Միջազգային ավիափոխադրողներին․ Ձեզ դիտարկում ենք որպես Հայաստանի՝ աշխարհի հետ կապերի ընդլայնման առանցքային գործընկերներ և ակնկալում ակտիվ համագործակցություն՝ նոր ուղղությունների ու հնարավորությունների շուրջ։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գործընկերներին․ գնահատելով ընկերության ներդրումը օդանավակայանների արդիականացման և սպասարկման որակի բարելավման գործում՝ ակնկալում ենք կարգավորող դաշտի ամրապնդմամբ և համատեղ աշխատանքով հասնել ծառայությունների որակի չափելի բարձրացման ու նոր ենթակառուցվածքների զարգացման՝ պետության հետ ներդրումային և ծախսային ծրագրերի և կարգավորիչ դաշտի բարեփոխումների վերաբերյալ շարունակական երկխոսությամբ։
Ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին․ օդային երթևեկության կազմակերպումից և վերգետնյա սպասարկումից մինչև տեխնիկական ծառայություններ ու մասնագիտական կրթություն՝ յուրաքանչյուրիդ ներդրումն անհրաժեշտ է։ Ակնկալում եմ գործնական համագործակցություն՝ ոլորտի ընդհանուր կարողություններն ամրապնդելու և ուղևորներին ու բիզնեսին ավելի որակյալ ծառայություններ առաջարկելու համար։
Դոնոր և զարգացման գործընկերներին․ կարևորում եմ արդյունավետ, մեր առաջնահերթություններին համահունչ և չափելի արդյունք ապահովող համագործակցությունը։ Առաջնահերթություն է մնալու Հայաստան–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով և ԻԿԱՕ-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև EASA-ի հետ սերտ համագործակցությամբ ավիացիոն անվտանգության եվրոպական պահանջների ներդրումը։
Այս նպատակներին հասնելու համար կառավարության 2026–2031 թթ. ծրագրի իրականացման շրջանակում Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի լիազորությունների շրջանակում առաջնահերթորեն կաջակցենք․ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների արդիականացմանը՝ ներառյալ «Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալի վերափոխելը; Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելուն; ոլորտի կառավարման համակարգի կատարելագործմանը և ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրմանը։
Բաց եմ գործնական առաջարկների և արդյունքի միտված համագործակցության համար», - հայտարարել է Թորոսյանը։