Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026 19:31

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           

 Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը             

Արմինֆո.  COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

            Բազմատեսակ տեխնիկայի և մուլտիմեդիա բովանդակության օգտագործման շնորհիվ ցուցադրությունն այցելուների համար ստեղծում է բացառիկ փորձառություն՝ ներկայացնելով անտառների հարուստ կենսաբազմազանությունը հողի վրա և հողի տակ։ Այցելուները նախ «հայտնվում են» անտառի խորքում, ապա «անցնում» հողի տակ՝ բացահայտելով կյանքի տարբեր ձևերի կապերն ու փոխկախվածությունը։

            Ցուցադրության իրականացումը հնարավոր է դարձել Իդրամի և IDBank-ի կողմից իրականացվող «Մի դրամի ուժը» նախաձեռնության, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Հայաստանում Բելգիայի և Գերմանիայի դեսպանությունների աջակցությամբ։

            IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող այս նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի․ «Այս ցուցադրությունը հավաքական ջանքերի արդյունքում իրականացվող նախաձեռնություն է, որտեղ յուրաքանչյուրս պետք է ստանձնենք պատասխանատվություն և հստակ քայլերով ընդգծենք բնության պահպանության կարևորությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար ապահովենք ավելի կանաչ, կայուն և բարեկեցիկ Հայաստան»։

            Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը կարևորեց բնապահպանական նախաձեռնությունների առաջնահերթությունը ընկերության համար՝ նշելով․ «Հպարտ ենք լինել այս նախաձեռնության մի մասը։ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ համագործակցությունն ու «Սիմֆոնիկ անտառի» ստեղծումը լիովին արտացոլում են մեր ռազմավարությունը՝ փոքր քայլերով հասնել մասշտաբային փոփոխությունների։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր նվիրաբերված դրամ և հիմնված անտառ հանդիսանում են կարևոր էկոլոգիական քայլ և հանրային միասնականության վառ ապացույց»։

            «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանն էլ բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը և նշեց․            «Անտառները հիմնարար դեր ունեն մոլորակի վրա կյանքի պահպանման համար։ Մենք վստահ ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կտեսնեն այս ցուցադրությունը, այլևս երբեք նույն աչքերով չեն նայի անտառին։ Հրավիրում ենք COP17-ի բոլոր մասնակիցներին, մայրաքաղաքի հյուրերին և Հայաստանի բնակիչներին տեսնել այս բացառիկ ցուցադրությունը»։