
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական զարգացումն ու երկկողմ համագործակցության խորացումը։
ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացված նախորդ եռամյա բյուջետային աջակցության ծրագրի արդյունքներին:
Երկկողմ արժևորվել է նոր՝ 2026-2028 թվականների բյուջետային աջակցության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է խորացնել և ընդլայնել առանցքային բարեփոխումները հանրային ֆինանսների կառավարման, մասնավոր հատվածի զարգացման և կայուն ֆինանսների ոլորտներում։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են նոր ծրագրի մշակման արդյունավետ ընթացքն ու առաջին ենթածրագրի շուրջ բանակցային գործընթացի հաջող ավարտը: Ընդգծվել է սահմանված բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը, և պատրաստակամություն է հայտնվել ապահովելու հետագա ընթացակարգերի արագ ու արդյունավետ իրականացումը: Հաշվի առնելով ջրամբարաշինության ոլորտում ԶՖԳ հարուստ փորձն ու Վեդիի ջրամբարի կառուցման հաջող ընթացքը՝ նախարարը հույս է հայտնել, որ գործակալությունը ակտիվ ներգրավվածություն կունենա նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված ջրամբարաշինական մյուս առաջնահերթ նախագծերում:
Առանձնահատուկ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ռազմավարական հատվածի մաս կազմող Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Շեշտվել է ծրագրի առանցքային նշանակությունը Հայաստանի հարավային տրանսպորտային զարկերակի թողունակության բարձրացման, անվտանգության ապահովման և տարանցիկ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Կողմերն անդրադարձել են ֆրանսիական կողմի մասնակցության ձևաչափին, նախագծային լուծումներին, ինչպես նաև շինարարական աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական ու իրավական ընթացակարգերին։
Ֆրանսիական կողմն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն աջակցելու հայկական արտադրողներին, խթանելու առևտրաշրջանառությունը և նպաստելու հայկական ապրանքների՝ Եվրոպական միության շուկա մուտք գործելու ու արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման գործընթացներին:
Հանդիպման ավարտին նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։