Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026 17:55
Ալինե Գրիգորյան

Դավիթ Ղազինյան․ Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի դիմաց առաջարկել է 400 հազար դոլար՝ դրա մինչեւ 1 մլրդ դոլար արժեքի դեպքում

Դավիթ Ղազինյան․ Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի դիմաց առաջարկել է 400 հազար դոլար՝ դրա մինչեւ 1 մլրդ դոլար արժեքի դեպքում

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը "Հայաստանի էլեկտրական ցանցերի" (ՀԷՑ) դիմաց առաջարկել է 400 հազար դոլար, մինչդեռ,  դրա արժեքը կազմում է 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

 

Պատգամավորն առաջարկված գումարն անհավասարազոր է համարել։ "Թող հրավիրեն միջազգային իրավասու գնահատողի, որը ճնշման չի ենթարկվում, և դուք կտեսնեք, որ նրա գնահատականը չի տարբերվի իմ գնահատականից ", - ասել է պատգամավորը:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ընկերությունից, եթե նրան առաջարկեն Ղազինյանի նշած գումարը, պատգամավորը հիշեցրել է, որ գործարարն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել այն:

 

Նա նաև հիշեցրել է, որ գործը դեռևս քննվում է ինչպես միջազգային արբիտրաժում, այնպես էլ ներպետական դատական ատյաններում: Մինչդեռ, ըստ նրա, չնայած շարունակվող դատական գործընթացներին, Հայաստանի իշխանություններն արդեն հարցը գերակա հանրային շահ են ճանաչել և մտադիր են ՀԷՑ-ը փոխանցել մեկ ուրիշի: «Միթե՞ դրանում տրամաբանություն կա։ Եկեք պատկերացնենք, որ Վարչական վերաքննիչ դատարանը լիցենզիայից զրկումը ճանաչի ապօրինի և վերականգնի այն, իսկ այդ պահին իշխանություններն արդեն վաճառեն ՀԷՑ-ը։ Ինչպե՞ս է դա հնարավոր: Չի կարելի ասել, որ մենք իրավական պետություն ենք և միաժամանակ նման քայլեր ձեռնարկել՝ չսպասելով դատարանների որոշմանը։ Դա նույնն է, եթե մարդուն կալանավորեն առանց դատաքննության", - եզրափակել է Ղազինյանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 9-ին e-draft.am  հարթակում  հանրային քննարկման է ներկայացվել ""Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային շահի իրավունքը ճանաչելու մասին" կառավարության որոշման նախագիծը: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը Սամվել Կարապետյանի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ազգայնացնել 20,7 մլրդ դրամով (մոտ 56,7 մլն դոլար): Իսկ արդեն հոկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ընկերության ազգայնացումը թույլատրող որոշմանը։ Հավելենք, որ Հայաստանի կառավարությունը Կարապետյանի ընկերության ազգայնացումը նախաձեռնել էր 2025 թվականի հուլիսին՝ այն բանից հետո, երբ գործարարը հրապարակավ զորակցել էր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն։