Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026 16:45
Մարիաննա Մկրտչյան

DFC քաղաքականության գծով ավագ սպան այցելել է Երևան՝ Հայաստանում պոտենցիալ ներդրումային նախագծերի պորտֆելի ձևավորման նպատակով

DFC քաղաքականության գծով ավագ սպան այցելել է Երևան՝ Հայաստանում պոտենցիալ ներդրումային նախագծերի պորտֆելի ձևավորման նպատակով

Արմինֆո. 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

 

Դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այս շաբաթ այցելել է Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

 

«ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ընդլայնման և ամերիկյան ու հայկական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը վեաբերող հարցեր»- պատմել են դեսպանատանը ՝ հրապարակելով նաև Վիկի հարցազրույցն "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ:

 

"Ազատություն" ռադիոկայանի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ DFC-ի առաքելությունն է նպաստել իր դաշնակիցների եւ գործընկերների տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ առաջ մղել ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակները՝ առեւտրային առումով կենսունակ ներդրումների միջոցով:

 

Նա հավելել է, որ այսօր DFC-ն կենտրոնացած է երեք առանցքային գլոբալ ուղղությունների վրա․ կրիտիկական կարևոր հումքի՝ ներառյալ ռազմավարական հանքանյութերի մատակարարումների դիվերսիֆիկացված շղթաների ստեղծում՝ ներառյալ արդյունահանումը, վերջնական արտադրանքի վերամշակման և զարգացման բոլոր փուլերը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքը; ռազմավարական հատվածների ամրապնդում՝ էներգետիկ ոլորտում և երկրաջերմային ու հիդրոէներգետիկ ոլորտներում նախագծերի միջոցով. ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքը:

 

"Հայաստան մեր այցի նպատակն է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այստեղ, Հայաստանի կառավարությունը որ ոլորտների վրա է ցանկանում, որ մենք կենտրոնացնենք մեր ուշադրությունը, որոնք են երկրի գերակա ոլորտներն ու նախագծերը: Մենք մեր ջանքերը կենտրոնացնելու ենք այն ոլորտների վրա, որտեղ Հայաստանի առաջնահերթությունները համընկնում են մեր առաջնահերթությունների հետ ։ Մենք այստեղ ենք նաև պոտենցիալ ներդրումային նախագծերի պորտֆելի ձևավորման համար: Մենք հանդիպում ենք բազմաթիվ գործարարների հետ և փնտրում նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում",- ասել է նա։

 

Անդրադառնակով հարցին, թե ԱՄՆ-ի կոնկրետ որ ազգային շահերին է ծառայում "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախաձեռնությունը, պաշտոնյան հիշեցրել է, որ TRIPP նախաձեռնության իրականացման գործում առաջատար դերը պատկանում է Պետական դեպարտամենտին, որն աշխատում է Հայաստանի կառավարության հետ գործընկերությամբ:

 

"Մենք պատասխանատու ենք նախագծի ֆինանսական բաղադրիչի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ մասնակից ենք այս խաղաղության համաձայնագրին։ Մեր թիմերը շատ արդյունավետ աշխատում են նախագծին հնարավորինս արագ զարկ տալու ուղղությամբ", - ասել է Վիկը։

 

Ճշտմանը, թե DFC-ի տրամադրության տակ եղած 205 մլրդ դոլարի որ մասը կարող է ուղղվել Հայաստան, Վիկն ընդգծել է, որ իրենք չունեն առանձին տարածաշրջանների կամ երկրների համար ֆինանսավորման քվոտաներ, եւ ամեն ինչ կախված է կոնկրետ նախագծերից:

 

Նրա խոսքով՝ այժմ DFC-ում ակտիվորեն ուսումնասիրում են ներդրումային հնարավորությունները, փորձելով գտնել նախագծեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

 

"Այսօր մենք բազմաթիվ առաջարկներ ու գաղափարներ ենք լսել ինչպես գործարարներից, որոնց հետ մի շարք հանդիպումներ ենք ունեցել, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներից ։ Մասնավորապես, մենք հանդիպել ենք արտաքին գործերի նախարարի տեղակալի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Քննարկվել են էներգետիկ ոլորտի մի շարք նախագծեր, այդ թվում՝ մարտկոցների վրա հիմնված էներգիայի պահպանման համակարգերի և բնական գազի հետ կապված նախագծեր: Մենք նաև անդրադարձել ենք գերբանականության ոլորտի և տվյալների մշակման կենտրոնների տարբեր նախագծերի, որոնք նախատեսվում է իրագործել: Մեզ շատ է հետաքրքրում դրանց աջակցելու հնարավորությունը, մասնավորապես՝ ամերիկյան սարքավորումների օգտագործմամբ։ Մենք նաեւ քննարկել ենք հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, ռազմավարական օգտակար հանածոների ոլորտները, ինչպես նաեւ լրացուցիչ ենթակառուցվածքը, որոնք անհրաժեշտ են TRIPP ավելի լայն միջանցքի զարգացման համար", - ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նշելով Հայաստանում փոխգործակցության վիթխարի ներուժի առկայությունը՝  նա խոստացել է ավելի մանրամասն տեղեկություններ հրապարակել, երբ հստակեցվեն որոշակի նախագծերը, եւ ավարտվեն համապատասխան գործարքները:

 

Պատասխանելով Ճշգրտող հարցին, թե ինչն է ԱՄՆ-ին հետաքրքրում Հարավային Կովկասում, Վիկը հայտարարել է, որ Վաշինգտոնում չափազանց կարևոր են համարում այս տարածաշրջանը, քանի որ այստեղ հսկայական հնարավորություններ են բացվում:

 

"Մեր գլխավոր նպատակներից մեկն է աջակցել Անդրկասպյան միջանցքի զարգացմանը, որպեսզի այն վերածվի խոշոր լոգիստիկ միջանցքի։ Այդ նպատակով մենք դիտարկում ենք մի շարք ենթակառուցվածքային ներդրումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը։ Խոսքը վերաբերում է ավտոմայրուղիների, երկաթուղիների, նավահանգիստների, Կասպից ծովով բեռնափոխադրումների, ինչպես նաև դրանց հետ կապված թվային ենթակառուցվածքների զարգացմանը", - ասել է նա։

 

Նշելով, որ TRIPP նախաձեռնությունը շատ լավ է զարգանում, Վիկն ընդգծել է, որ իրենք շարունակում են փնտրել այլ ներդրումային հնարավորություններ:

 

"Այսօր մենք հանդիպել ենք բազմաթիվ գործարարների հետ և հույս ունենք առաջարկներ ստանալ այլ ընկերություններից, որոնք ունեն նախագծեր, որոնց DFC-ը կարող է աջակցել։ Մենք չափազանց շահագրգռված ենք Հայաստանում մեր գործունեության ընդլայնմամբ",- ամփոփել է ամերիկացի պաշտոնյան։