
ԱրմԻնֆո. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել բանկային և ֆինանսական միջնորդության դադարեցման, և նման սցենարը շատ ավելի մեծ հարված կհասցնի տնտեսությանը, քան 4.6%, քանի որ այդ հատվածը հանդիսանում է երկրի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Նրա ասելով՝ հոկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ մյուս չորս պետությունները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) հրապարակեցին 72 էջանոց զեկույց այն մասին, որ միության կազմից դուրս գալու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 15.6%-ով կամ 4.6 մլրդ դոլարով, գազը կթանկանա 69%-ով, իսկ տրանսֆերտների ներհոսքը կրկնակի կկրճատվի։ Մեկ օր անց ՀՀ էկոնոմիկայի նախարարը հակադարձեց՝ հրապարակելով ՀՆԱ-ի առավելագույնը −0.61% անկման սեփական գնահատականը։
«Մի գնահատականը 25 անգամ գերազանցում է մյուսին, ընդ որում՝ կողմերից և ոչ մեկը չի ներկայացրել հաշվարկների հիմքում ընկած մաթեմատիկական մոդելը։ Մեր կիրառած մեթոդաբանությունը պարզ է և վերարտադրելի։ Ամփոփելով զեկույցում տեղ գտած առևտրային ցուցանիշները՝ իրական հատվածի կորուստը կազմում է −4.6%՝ շուրջ 1.3 մլրդ դոլար։ Զեկույցում նշված −15.6% անկման հիմնական մասը ստացվել է մեթոդաբանական շեղման արդյունքում՝ համախառն վերարտահանման և նվազող ներմուծման ծավալները որպես տեղական արտադրանք հաշվառելու հանգամանքով։
Սակայն ֆինանսական համակարգի և Հայաստանի սպասարկած բանկային միջնորդության մասին որևէ հիշատակում չկա ո՛չ կառավարության դիրքորոշումներում, ո՛չ էլ անանուն զեկույցում։ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել հենց այս ֆինանսական միջնորդության դադարեցմանը, իսկ նման սցենարն անհամեմատ ավելի ծանր հարված կհասցնի տնտեսությանը, քան −4.6%-ը, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը հենց այս հատվածն է։
2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում բանկային համակարգով Հայաստան է ներհոսել 4.5 մլրդ դոլար, որից միայն 0.8 մլրդ-ն է դասական տրանսֆերտ, իսկ մնացյալ 3.7 մլրդ-ը կրել է առևտրային բնույթ՝ 2019 թվականի համեմատ գրեթե տասն անգամ ավելի։ Հիմնական խնդիրը ոչ թե ապրանքային շուկայի, այլ ֆինանսական միջնորդի կարգավիճակի կորուստն է։ Ի՞նչ կխափանվի, եթե այս հոսքերը դադարեն», - հարց է տվել Աղասի Թավադյանը։
ԵԱՏՄ չորս երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) զեկույցը, որը ներկայացվել է 2026 թվականի հոկտեմբերին, նվիրված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության կասեցման հնարավոր հետևանքներին ՝ Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ նրա կուրսի ֆոնին։ Զեկույցի հեղինակները ԵՄ-ին ինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերն անհամատեղելի են համարում ԵԱՏՄ-ին հետագա մասնակցության հետ։ Փաստաթղթում ասվում է, որ միության երկրներն իրավունք ունեն ժամանակավորապես կասեցնել Երևանի մասնակցությունը միավորմանը՝ դեռևս մինչև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ ներպետական հանրաքվեի անցկացումը: Ընդ որում, զեկույցում գնահատական է տրվում անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի համար տնտեսական հետևանքներին։ Մասնավորապես, ՀՆԱ-ի անկումը կարող է կազմել 15,6%, գազի գնի աճը՝ 69%, ինչը կհանգեցնի 657,7 մլն դոլարի վնասի, իսկ Ռուսաստանից դրամական փոխանցումները կարող են կրճատվել ավելի քան երկու անգամ (մինչև 1,8 մլրդ դոլար): Ընդ որում, տեղի կունենա ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր ապրանքաշրջանառության նվազում մինչև 3,55 մլրդ դոլար (այն դեպքում, երբ 2025 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը միության երկրների հետ կազմել է 7,99 մլրդ դոլար կամ ողջ արտաքին առեւտրի 37,8%-ը )։ Ընդ որում, գնաճի բարձրացումը կարող է լինել 14,9 տոկոսի մակարդակում։ Լրացուցիչ ռիսկերը ներառում են ՌԴ-ի կողմից հայկական գյուղմթերքի, ձկան և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների խստացումը։