
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկում աշխատանքներ են տարվում կիբեռհանցագործությունների հետևանքով վնաս կրած հաճախորդների ապահովագրության մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին "Հետք" հետազոտական ռեսուրսի հետ հարցազրույցում հաղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ տվյալ պրոդուկտի ստեղծման արդյունքում յուրաքանչյուր անձ մատչելի գնով կկարողանա ձեռք բերել ապահովագրագիր, իսկ միջոցների կորստի պատճառ դարձած կիբեռհարձակման դեպքում հետ ստանալ իր միջոցները, որոնք կվճարվեն ապահովագրական ընկերությունների կողմից՝ բանկերի հետ համատեղ:
Միևնույն ժամանակ, Գալստյանը պատմել է ևս մեկ պրոդուկտի մասին, որը կարող է պաշտպանել հաճախորդին կիբեռհանցագործություններից. խոսքը STOP գործիքի մասին է: ԿԲ ղեկավարի ասելով՝ ցանկացած մարդ իր բանկային հավելվածում այդ պրոդուկտի միջոցով կարող է արգելք դնել առցանց վարկավորման վրա։ Հաճախորդի հեռախոս և բանկային հավելված խարդախի մուտքի դեպքում՝ այդ սահմանափակման շնորհիվ նա չի կարողանա ձևակերպել որևէ վարկ: Քաղաքացին վարկ ստանալու համար պետք է անձամբ դիմի բանկ։
"Դժվար է ասել, թե որքանով արդյունավետ է այդ պրոդուկտը, քանի որ մենք այն նոր ենք գործարկել։ Բայց կարող եմ հստակ նշել, որ էապես հանդարտվել է կիբեռհանցագործությունների հետ կապված աղմուկը", - նկատել է Գալստյանը։