Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026 14:26
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ֆինանսների նախարար․ 2027 թվականին կպահպանվի պետական պարտքի ներկայիս կառուցվածքը

ՀՀ ֆինանսների նախարար․ 2027 թվականին կպահպանվի պետական պարտքի ներկայիս կառուցվածքը

Արմինֆո.   2027 թվականին Հայաստանի կառավարությունը մտադիր է պահպանել պետական պարտքի ներկայիս կառուցվածքը, որի համաձայն, դրամով ներքին պարտավորությունները պետք է գերակշռեն արտաքինի նկատմամբ ։ Այդ մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով երկրի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

 

Նախարարի խոսքով՝ 2027 ֆինանսական տարում պետական պարտքը կկայունանա ՀՆԱ-ի 47%-ի մակարդակում։ Ընդ որում, հաջորդ տարի պետական պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն 417 մլրդ դրամ կամ պետական գանձարանի ընդհանուր ծախսերի 10,2% - ը, եկամուտների 11,6%-ը և ՀՆԱ-ի 3,1%-ը: Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է, որ նախատեսված գումարի մեջ ներառված են նաև արժույթների փոխարժեքի հնարավոր տատանումներին առնչվող ռիսկերը: Նրա խոսքով, եթե փոխարժեքը պահպանվի ներկայիս մակարդակում, պարտքի սպասարկման ծախսերը էապես ցածր կլինեն։

 

Նախարարն արձանագրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու մինչեւ պետական պարտքի մարումը մնացած միջին ժամկետին, որը կազմում է 7-10 տարի: Այդուհանդերձ, ներկայիս արտաքին անկայունության պայմաններում ավելի երկարաժամկետ պարտքային գործիքների թողարկումը զգալիորեն թանկանում է։ Ֆինանսների նախարարը, մասնավորապես, մատնանշել է 2029, 2031 և 2035 թվականներին հայկական եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման առնչությամբ առկա ռիսկերը: Այդ ռիսկերի կառավարման համար նախատեսվում է շարունակել պարտքային պարտավորությունների մի մասի հետգնման քաղաքականությունը, ինչը թույլ կտա բացառել պետական պարտքի լրացուցիչ թանկացումը։ Նախարարի խոսքով՝ բոլոր պարտքային ռիսկերը, ընդհանուր առմամբ, կառավարելի են։

 

Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,12 տրլն դրամ կամ 13,9 մլրդ դոլար։