
Արմինֆո.IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները։
Ինչպես շախմատում, այնպես էլ առօրյա ֆինանսներում կարևոր է մտածել մի քանի քայլ առաջ։ Գործնական օրինակների միջոցով երեխաները սովորել են, թե ինչպես կազմել անձնական բյուջե, պլանավորել ծախսերը և գումար խնայել։ Նրանք նաև ծանոթացել են բանկային հաշվի, քարտի և էլեկտրոնային դրամապանակի գործառույթներին ու պարզել, թե ինչ պետք է հաշվի առնել վարկ վերցնելիս կամ ավանդ ընտրելիս։
Դասընթացի մի մասը նվիրված էր ֆինանսական անվտանգությանը։ Մասնակիցները ծանոթացել են զեղծարարության տարածված սխեմաներին, սովորել ճանաչել կասկածելի զանգերն ու հաղորդագրությունները և պաշտպանել իրենց քարտային տվյալները։ Idram Junior հավելվածի օրինակով երեխաները բացահայտել են, թե ինչպես կարելի է առօրյա գործարքները կատարել հեռախոսով՝ վճարել QR կոդով, լիցքավորել հեռախոսահամարը կամ գումար ստանալ ծնողներից։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնության նպատակն է օգնել երեխաներին և երիտասարդներին վաղ տարիքից ձևավորել գումարը պատասխանատու տնօրինելու և թվային ֆինանսական գործիքներից անվտանգ օգտվելու հմտություններ։