
Արմինֆո.2026 գյուղատնտեսական տարում ապահովագրական վճարների գծով պարտավորությունների կատարմանը կուղղվի 1,1 մլրդ դրամ։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել այդ գումարից 453,05 մլն դրամի հատկացմանը։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, 2026 թվականի համար ագրոարդյունաբերական ոլորտում ապահովագրվել են ծիրանի, խաղողի, խնձորի, դեղձի, սալորի, սեխի, ձմերուկի, կարտոֆիլի, կեռասի, ցորենի, գարու և վարսակի բերքը կարկուտի, հրդեհի, գարնանային ցրտահարության և երաշտի ռիսկերից: 2026 թվականին ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 9 528 ապահովագրագիր, որոնց շրջանակներում ապահովագրավճարների համախառն գումարը կազմել է շուրջ 798,8 մլն դրամ, իսկ ապահովագրված այգիների և ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 10 928 հեկտար: Նշված ցուցանիշները վկայում են ագրոարդյունաբերական ոլորտում ապահովագրական համակարգի ընդգրկման և կիրառման շարունակական ընդլայնման մասին:
Ագրոարդյունաբերական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվում է գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսական օպերատորի կողմից ապահովագրավճարների մասնակի սուբսիդավորման միջոցով, ինչպես նաև նախատեսվում է ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված շեմից ավելի կատարված հատուցումների մի մասի փոխհատուցման համապատասխան մեխանիզմ:
2026 թվականի համար յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ստանում է նաև հատուցում ապահովագրական փոխհատուցումների այն մասի համար, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը: Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն ՝ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ 2026 թվականի համար կանխատեսվող ապահովագրական փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,7 մլրդ դրամ: Մասնավորապես, առաջին փուլում նախատեսվում է իրականացնել շուրջ 1,1 մլրդ դրամի ապահովագրական հատուցում բալի, կեռասի, ծիրանի և սալորի համար, իսկ երկրորդ փուլում՝ շուրջ 652 մլն դրամի փոխհատուցում մնացած մշակաբույսերի համար:
Ըստ ներկայացված հաշվարկների՝ 1.7 մլրդ դրամ ընդհանուր վնասի պայմաններում պետական աջակցության անհրաժեշտ գումարը կկազմի շուրջ 1.1 մլրդ դրամ: Առաջին փուլում նախատեսված շուրջ 1.1 մլրդ դրամի փոխհատուցումներից շուրջ 640 մլն դրամը պետք է ֆինանսավորվի ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ 453.05 մլն դրամի փոխհատուցում ապահովելու համար անհրաժեշտ են պետական սուբսիդիաներ: