Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 20:59
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Մոլդովան պատրաստ են համատեղ ծրագրեր իրականացնել բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում

Հայաստանն ու Մոլդովան պատրաստ են համատեղ ծրագրեր իրականացնել բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի խորացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, թվային զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։


Դավիթ Թադևոսյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես տնտեսական դիմակայունության ամրապնդման և մրցունակության բարձրացման կարևոր նախապայման։

Հայկական կողմը մոլդովացի գործընկերներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության ոլորտներում Հայաստանի հաջողված փորձը։ Որպես օրինակ՝ ներկայացվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և այլ կենտրոնների մոդելները։ Քննարկվել են նաև տեխնոլոգիական ստարտափների, նորարարական կենտրոնների և տեխնոպարկերի միջև անմիջական համագործակցության հաստատման հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արտադրանքի և տեխնոլոգիական ծառայությունների արտահանման աշխարհագրության ընդլայնման ու դիվերսիֆիկացման հնարավորություններին՝ Մոլդովան դիտարկելով որպես հայկական տեխնոլոգիական արտադրանքի համար հեռանկարային շուկա և եվրոպական շուկաներ մուտք գործելու կարևոր գործընկեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային շփումները՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։