
Արմինֆո.Այսօր Բրյուսելում կարևոր քայլ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի հետ ստորագրել ենք համաձայնագրեր՝ Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ «Քասթըմս/Customs» և «Ֆիսկալիս/Fiscalis» ծրագրերին մեր մասնակցության վերաբերյալ։ Սա մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնական արդյունքն է և ՀՀ–ԵՄ գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունը։
Ծրագրերին Հայաստանի մասնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի մաքսային և հարկային վարչարարության արդիականացման, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման համար։
Մեր նպատակը հստակ է՝ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա։
Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական հանձնաժողովին, DG TAXUD-ին, ինչպես նաև Բրյուսելում և Երևանում մեր գործընկերներին այս կարևոր քայլի համար։
Պայմանավորվել ենք նաև նշանակել պատասխանատու անձանց, որոնք կհամակարգեն համաձայնագրերի իրականացումը։ Հայկական կողմը պատրաստ է անմիջապես անցնել գործնական աշխատանքներին՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը», - գրել է ՊԵԿ նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը միանում է 2027 թվականի համար հարկային և մաքսային ոլորտներում Եվրոպական միության երկու առանցքային ֆինանսական և ինտեգրացիոն ծրագրերին՝ մեկ տարի ժամկետով: Մաքսային ծրագիրը (Customs Programme) նպատակաուղղված է մաքսային ընթացակարգերի արդիականացմանը, ԵՄ Մաքսային միությանն աջակցությանը, օրինական առևտրի խթանմանը և ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Իսկ "Fiscalis" ծրագիրը նպատակ ունի բարելավել ԵՄ ներքին շուկայի աշխատանքը, պայքարել հարկային խարդախությունների, հարկերից խուսափելու դեմ և բարձրացնել հարկերի հավաքագրման արդյունավետությունը: Մասնակցությունը նախատեսված է 2027 թվականին՝ փորձի փոխանակման, կադրերի ուսուցման և համատեղ ՏՏ համակարգերի զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությամբ: Երեւանը տարեկան ԵՄ բյուջե կփոխանցի 39 991 եվրո՝ մաքսային ծրագրին մասնակցելու համար, եւ 36 528 եվրո ՝ հարկային ծրագրի համար։ Այդ նախաձեռնություններին միանալը թույլ է տալիս զարգացնել Հայաստանի հարկային և մաքսային վարչարարությունը ԵՄ չափանիշներով, օգտագործել եվրոպական տեղեկատվական համակարգերը, ընդլայնել տվյալների փոխանակումը, վերապատրաստել տեսուչներին և հեռանկարում պարզեցնել ներմուծման և արտահանման գործընթացները՝ ներառյալ հնարավոր միացումը եվրոպական տարանցիկ համակարգին: