Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2026 22:02
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀԿԵ-ի հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները

Հայաստանի ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀԿԵ-ի հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրների քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները:

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ վարչապետի թիվ 1022-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի նպատակն էր քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, եռամսյա ժամկետում գտնել դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը:

 

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։

 

Ռուսական կողմը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։

 

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։