Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026 12:51
Մարիաննա Մկրտչյան

Փորձագետ․ Հայաստանի էներգահամակարգը ադրբեջանականին միացնելը պարունակում է Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույնությունը կորցնելու վտանգ

Փորձագետ․ Հայաստանի էներգահամակարգը ադրբեջանականին միացնելը պարունակում է Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույնությունը կորցնելու վտանգ

ԱրմԻնֆո. Հայաստանի էներգահամակարգը Ադրբեջանի էներգահամակարգին միացնելը պարունակում է հայկական էներգահամակարգի ինքնուրույն աշխատելու կարողության աստիճանական կորստի վտանգ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Դավթյանը:

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ շարունակվող քննարկումների ընթացքում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել՝ խոսքը միջպետական էներգացանցային միացումների ստեղծման, թե էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի կազմակերպման մասին է:

"Եթե խոսքը սինխրոնացման մասին է (իսկ պաշտոնական դիսկուրսը կառուցվում է հենց դրա շուրջ), ապա դրա գլխավոր վտանգը հայկական էներգահամակարգի ինքնուրույն աշխատելու կարողության աստիճանական կորուստն է։ Խոսքը հնարավոր այնպիսի իրավիճակի ձևավորման մասին է, երբ երկրի էներգահամակարգի նորմալ աշխատանքը կախված կլինի ադրբեջանական էներգահամակարգի աշխատանքի ռեժիմից և այնտեղ ընդունվող որոշումներից։ Հարց է առաջանում՝ Հայաստանին ընդհանրապես ինչի՞ է պետք այդ սինխրոնացումը",- հարց է տվել նա:

Նրա խոսքով՝ համակարգերի սինխրոնացումը բնավ պարտադիր չէ էլեկտրաէներգիայի առևտրի համար։ Դավթյանը նկատել է, որ կարելի է կառուցել միջպետական էլեկտրահաղորդման գծեր՝ հաստատուն հոսանքի ենթակայաններով, պահպանելով ազգային էներգահամակարգերի անկախությունը:

"Հենց այդպիսի մոդել է նախատեսված Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միացման նախագծով։ Մինչդեռ սինխրոնացումը ենթադրում է հաճախականության համակարգված կարգավորում, կառավարման ծառայությունների աշխատանքի համակարգում։ Համակարգային խափանումների տարածման ռիսկերը նույնպես աճում են",- շարունակել է փորձագետը:

Նա նախազգուշացրել է, որ այստեղ կա նաև խնդրի տնտեսական կողմը։ Դավթյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն արտադրում է գրեթե երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Հայաստանը՝ ունենալով բնական գազի սեփական պաշարներ:

"Համեմատաբար էժան ադրբեջանական էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ջերմաէլեկտրակայանների մրցունակության նվազմանը, սեփական արտադրական հզորությունների կրճատմանը և նոր ատոմակայանի կառուցման նախագծային պարամետրերի վերանայմանը։ Ի՞նչ տեղի կունենա, եթե տարիներ անց, սեփական արտադրական հզորությունների կրճատման պայմաններում, Ադրբեջանը քաղաքական կամ ռազմական ճգնաժամի հետևանքով դադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումները։  Հայաստանը կունենա՞ արդյոք բավարար արտադրական և պահուստային հզորություններ՝ էներգահամակարգի ինքնուրույն աշխատանքի և ներքին պահանջարկի բավարարման համար։ Այս հարցն առավել արդիական է դառնում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման համատեքստում", - կարծում է Դավթյանը:

Այս համատեքստում նա նկատել է, որ 100 ՄՎտ մշտական հզորությամբ տվյալների մշակման կենտրոնի տարեկան սպառումը կազմում է ներկայում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 9%-ը։ Իսկ «Հրազդան» ԱԷԿ-ի հզորությունը մինչև 300 ՄՎտ ավելացնելու դեպքում, եթե այս բեռնվածությունը մշտական լինի, այն կկազմի մոտ 26%:

"Եթե այս պահանջարկը բավարարվի Ադրբեջանից ներմուծվող էլեկտրաէներգիայի հաշվին, էներգետիկ կախվածությունը կտարածվի նաև Հայաստանի թվային ենթակառուցվածքի վրա", - հավելել է քաղաքագետը:

Առանձին հարց է տարածաշրջանի էներգահամակարգերի տեխնոլոգիական համատեղելիությունը, շարունակել է փորձագետը:

"Ադրբեջանը պատմականորեն մտնում է Ռուսաստանի հետ կապված սինխրոն գոտու մեջ, իսկ Թուրքիան սինխրոնացված է եվրոպական էներգահամակարգի հետ։ Ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել տարածաշրջանի բոլոր երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը։ Եվ ի՞նչ տեղ է հատկացվում Իրանին այս համակարգում։ Միջպետական էլեկտրացանցային միացումների աշխարհագրության ընդլայնումը, անշուշտ, արդարացված է։ Սակայն ցանկացած նմանատիպ նախագծի գնահատման ժամանակ Հայաստանի համար առանցքային գործոն պետք է լինի արտաքին մատակարարումների և միջպետական էլեկտրացանցային միացումների խափանումների դեպքում սեփական էներգահամակարգի կենսունակության ապահովումը", - ամփոփել է նա:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր երկրի էներգահամակարգը Ադրբեջանի և Թուրքիայի էներգահամակարգերին միացնելու մտադրության մասին։