
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են չորս տասնյակից ավել հարցեր, որոնք, հիմնականում, վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։ Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը։
Նշենք, որ Հայաստանի ծանուցման հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել "Նույնականացման միջոցներով մսամթերքի առանձին տեսակների մակնշման մասին": Փաստաթուղթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության համար սպառողական փաթեթավորմամբ պատրաստի մսամթերքի մակնշման միասնական կանոններ: Մակնշման ենթակա ապրանքների ցանկում ներառված են երշիկեղեն և համանման մթերքներ, մսից, մսային ենթամթերքից և արյունից պատրաստի արտադրանք, աղը դրած, չորացրած և ապխտած միս, խոզի և ընտանի թռչնի սննդային ճարպ, մսի հյութեր: Մսի պահածոները, որոնց մակնշումն ավելի վաղ արդեն կարգավորված է ԵՏՀ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև կիսաֆաբրիկատները ցանկում չեն ներառվել: Որոշմամբ հաստատվել են նաև նույնականացման միջոցի բնութագրերը, ԵԱՏՄ պետությունների կողմից փոխանակվող մակնշված ապրանքների մասին տեղեկություններին ներկայացվող պահանջները և սպառողներին հասանելի տեղեկությունների նվազագույն կազմը: Միության յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում իր տարածքում մսամթերքի մակնշում մտցնել թե ոչ, ինչպես նաև դրա ներդրման ամսաթիվը։ Նման ամսաթվի մասին անհրաժեշտ է տեղեկացնել հանձնաժողովին ոչ ուշ, քան վեց ամիս առաջ։ "Երևանում, Մինսկում, Աստանայում, Բիշքեկում կամ Մոսկվայում արտադրված մսամթերքը մակնշվելու է միասնական կանոններով։ Բիզնեսի համար դրանք հասկանալի և միանման պահանջներ են Միության ողջ տարածքում, վերահսկող մարմինների համար ՝ շուկայի թափանցիկությունը և խախտումների դեմ գործուն գործիք։ Իսկ ԵԱՏՄ ցանկացած պետությունում գնորդը, սկանավորելով կոդը, կկարողանա ստուգել, թե կոնկրետ ինչ է դնում զամբյուղի մեջ", - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։