
ԱրմԻնֆո. Աշխաբադում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։
Հանձնաժողովը հայկական կողմից գլխավորել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Աղաջանովը։
Իր ելույթում նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների տնտեսական համագործակցության կարևորագույն գործիքներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն քննարկել առկա հարցերը, այլև առաջադրել նոր նախաձեռնություններ և ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։
Նախարարը նշել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
<Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ՝ ուղղված փոխադարձ շահերի հիման վրա նոր նախագծերի իրականացմանը և համագործակցության հետագա ընդլայնմանը>, - նշել է Խուդաթյանը։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին տեղի է ունեցել նիստի արձանագրության և այլ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2026թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2.1 անգամ՝ կազմելով $50 մլն։ Միաժամանակ արտահանումն աճել է 77,8%-ով ՝ հասնելով $41.4 մլն-ի՝ ներմուծման 13.3 անգամ աճի ֆոնին՝ մինչև $8.6 մլն։