Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026 10:52
Ալինա Հովհաննիսյան

Զբոսաշրջության կոմիտեում քննարկվել են Wizz Air-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները

Զբոսաշրջության կոմիտեում քննարկվել են Wizz Air-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները

ԱրմԻնֆո.  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը հանդիպում է ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են ավիաընկերության հետ համագործակցության շրջանակներում իրականացված մարքեթինգային արշավները, դրանց շարունակման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնություններն ու հետագա փոխգործակցության հեռանկարները։

Առանձին անդրադարձ է կատարվել ամանորյա տոնական միջոցառումներին նվիրված նոր մարքեթինգային արշավին։ Ինչպես նշվում է Կոմիտեի հաղորդագրության մեջ, ընդգծվել է, որ նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող ինֆլուենսերների այցը Հայաստան, որոնք կմասնակցեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։

Նշենք, որ 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ՝ տարեկան 5% աճով։ Հիշեցնենք, որ WizzAir-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որը ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին՝ Վեչեշ քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակով։ Գլխավոր ներդրողը դարձել է ամերիկյան Indigo Partners մասնավոր ընկերությունը, որը մասնագիտացած է տրանսպորտային ոլորտում ներդրումների մեջ։ Ավիաընկերությունն առաջին չվերթն իրականացրել է 2004 թվականի մայիսին՝ Կատովիցեից։ 2025 թվականի մայիսին Wizz Air-ը հայտարարել է Երևանում իր 34-րդ բազայի բացման մասին։