
Արմինֆո. Հայաստանի կապիտալի շուկան վերջին շրջանում զարգանում է գերբարձր տեմպերով։ Այդ մասին Investors Day միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվական ծառայության ղեկավար Գայանե Գևորգյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի կապիտալի շուկայի ծավալը գերազանցում է 4.3 տրլն դրամը, որը կազմում է ՀՆԱ-ի 35%-ը։ Ընդ որում, բանկի ներկայացուցիչն առավել տպավորիչ է համարել աճի տեմպերը։ Այսպես, նրա հավաստմամբ, առաջին 10 ամիսների ընթացքում ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է ավելի քան 70% աճ, իսկ բաժնետոմսերով գործարքներն աճել են ավելի քան 2 անգամ:
Անդրադառնալով կորպորատիվ պարտատոմսերի շուկային՝ Գեւորգյանը նշել է, որ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ ակտիվություն է նկատվում ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից, մինչդեռ, նախկինում կորպորատիվ արժեթղթերի շուկան ներկայացված էր բացառապես բանկերի կողմից: Իսկ այսօր, նրա խոսքով, պարտատոմսերի 25 տոկոսը թողարկվում է ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից։
"Սա բավական ուրախալի փաստ է՝ ինչպես Հայաստանի կապիտալի շուկայի, այնպես էլ նրա տնտեսության համար։ Վերջապես հայկական բիզնեսը սկսել է կապիտալի շուկան օգտագործել որպես բանկային վարկի այլընտրանք ՝ իր գործունեությունը ֆինանսավորելու համար։ Եթե այս միտումը շարունակվի, ապա մի քանի տարի անց կապիտալի շուկան կծառայի հիմնական նպատակին ՝ տնտեսության ֆինանսավորմանը", - եզրափակել է նա։