Երկուշաբթի, 23 Մայիսի 2011 11:45
Ապրիլ ամսին Հայաստանի ՀՆԱ աճը հիմնականում ապահովել է ագրոհատվածը
Արմինֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2011 թվականի ապրիլին աճել է 4%, իսկ տարեկան կտրվածքով` 7.7%: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված նախնական տվյալները:
Տնտեսության ակտիվացման շարժիչ ուժն այս անգամ դարձավ ագրարային հատվածը, ապրիլին ապահովելով 42% աճ, մինչև 35.5 մլրդ.դրամ: Երկրորդ տեղում է ծառայությունների ոլորտը, ապրիլին աճելով 4.5%, մինչև 68.2 մլրդ.դրամ: Երրորդ տեղում է առևտրի ոլորտը, արի շրջանառությունն ապրիլին աճել է 1%, մինչև 145 մլրդ.դրամ:
Արդյունաբերության հատվածում ապրիլին գրանցվել է արտադրության ծավալների 1.5% անկում, մինչև 75 մլրդ.դրամ: Ընդ որում, արդյունաբերական արտադրության գների ինդեքսը 2011 թվականի ապրիլին աճել է 0.3%, իսկ տարեկան կտրվածքով` 8.8%:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ապրիլին կրճատվել է 3.1%, իսկ տարվա կտրվածքով` աճել է 4.7%, կազմելով 584.9 մլն.կՎտ/ժամ:
2011 թվականին 0.8% նվազել է միջին աշխատավարձը, տարվա կտրվածքով աճելով 5.2%, կազմելով 110593 դրամ: Մասնավորապես, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձները բարձրացել են 0.8%, մինչև 89633 դրամ կամ 239 դոլար, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում նվազել է 2.5%, մինչև 135756 դրամ կամ 363 դոլար:
Արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2011 թվականի ապրիլին, տարվա կտրվածքով աճել է 19.1%, իսկ միայն ապրիլին, մարտի համեմատ` 2.9%, կազմելով 449.4 մլն.դոլար կամ 167.9 մլրդ.դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել արտահանումների ծավալների` 13.5%, մինչև 110.9 մլն.դոլար կամ 41.4 մլրդ.դրամ, աճով: Իսկ ներմուծումների ծավալը կրճատվել է 0.1%, մինչև 338.5 մլն.դոլար կամ 126.5 մլրդ.դրամ: Արտաքին առևտրի շրջանառության տարեկան աճը հիմնականում ապահովվել է արտահանումների 21% և ներմուծումների 16.6% աճով:
Հայաստանի սպառողական շուկայում 2011 թվականի ապրիլին գրանցվել է 0.2% դեֆլյացիա, իսկ տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 8.9%: 2011 թվականի ապրիլին ՀՀ դրամի փոխարժեքը կազմել է 373.65 դրամ/դոլար:
Հիշեցնենք, որ ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկի աճողական մեթոդից հաշվարկի դիսկրետ ¥ամենամսյա¤ մեթոդին անցնելու մասին ՀՀ Կառավարությունը հայտարարել է դեռևս 2011 թվականի հունվարի 11-ին: Մասնավորապես, տնտեսական ակտիվությունը հաշվարկվում է արտադրության ծավալներով, այլ ոչ թե արտադրության հավելյալ արժեքով և չի ներառում արտադրության մաքուր եկամուտներն ու ֆինանսական միջնորդության անուղղակի ծառայությունները: Այդ պատռճառով էլ ՀՆԱ բացարձակ արժեքը կնշվի միայն եռամսյակային և տարեկան հաշվետվություններում, արդեն որպես տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը հաշվարկվել է միջազգային ստանդարտներով: