Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016 16:43
Ալեքսանդր Ավանեսով

ՀԷՑ գլխ.տնօրեն. Կան բոլոր նախադրյալները, որպեսզի ապագայում «Հայաստանի էլցանցերը» չկուտակեն պարտքեր

ՀԷՑ գլխ.տնօրեն. Կան բոլոր նախադրյալները, որպեսզի ապագայում «Հայաստանի էլցանցերը» չկուտակեն պարտքեր

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ չի զբաղվում սակագների սահմանման հարցերով, դա ռեգուլյատորի իրավասությունն է, ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, մեկնաբանելով 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին ՀԾԿՀ որոշումը:

Ինչպես ընդգծել է Հարությունյանը, ռեգուլյատորը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ, որպեսզի բնակչությունն իրեն զգա ավելի հարմարավետ: Նա նկատել է, որ Հանձնաժողովը, որպես կանոն, փոխհատուցում է այն վնասները, որոնք համարում է հիմնավորված, մարժայի սահմանման միջոցով: Ներկայումս ընկերությունը չունի ժամկետանց պարտավորություններ: «Կան բոլոր նախադրյալները, որպեսզի դրանք չլինեն նաև ապագայում»,-ընդգծել է Հարությունյանը:

Պատասխանելով ընկերության գործունեության վրա Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ազդեցության վերաբերյալ  ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նշել է, որ բոլոր ռիսկերը փոխհաուցվում են ՀԾԿՀ կողմից սահմանված մարժայով: Նշենք, որ ՀԾԿՀ դեկտեմբերի 23-ի որոշմամբ 2017 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում կկիրառվեն էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք սոցիալապես անապահով խավերի համար կնվազեն 6.2 դրամ 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ մյուս սպառողների համար` 1.22 դրամ:

ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները հետևյալն էն`110 կիլովոլտ լարումով էլեկտրաէներգիա սպառողների համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 33.48 դրամ, գիշերային սակագնինը`29,48 դրամ: Իսկ 35 կիլովոլտ լարումով էլեկտրաէներգիա սպառողների համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 35,98 դրամ, գիշերային սակագնինը`31,98 դրամ:

6(10) կիլովոլտ լարմամբ էլեկտրաէներգիա սպառողների համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 41,98 դրամ, գիշերային սակագնինը`31,98 դրամ: 0,38 կիլովոլտ  լարմամբ էլեկտրաէներգիա սպառողների (բնակչություն) համար 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը կազմում է 44,98 դրամ, նախկին 46,2 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագնինը`34,98 դրամ: Սակագների վերանայման վրա ազդեցին մի շարք գործոններ, բայց հիմնականում - գազի սակագների նվազումը: