Հինգշաբթի, 16 Մարտի 2017 14:26
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստան կայցելեն ֆրանսիական երեք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու համար

Հայաստան կայցելեն ֆրանսիական երեք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու համար

Արմինֆո. Առաջիկայում Հայաստան կայցելեն ֆրանսիական երեք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու համար: Այս մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

 

Ըստ նրա, խոսքը գնում է դեղագործական արդյունաբերության, սննդի արտադրության ոլորտներում ներգրավված ընկերությունների մասին: Այցելության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Նախարարն իր անհամաձայնությունն է հայտնել շրջանառվող կարծիքին, որ ֆրանսիական կապիտալը փախչում է Հայաստանից: «Հայաստանյան շուկայից « Orange» ընկերության հեռանալը դեռ չի նշանակում, որ բոլորն են հեռանում: Մանավանդ, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք կոմերցիոն գործարքի հետ: Ի տարբերություն «Orange»-ի, մեկ այլ ֆրանսիական խոշոր ընկերություն` «Կարֆուրը», շարունակում է իր գործունեությունը երկրում», - ասել է նախարարը:

 

Սուրեն Կարայանը գտնում է, որ օտարերկրյա ընկերությունները Հայստանի նկատմամբ  հետաքրքրություն են ցուցաբերում նաև այն պատճառով, քանի որ հանրապետությունը կարող է հարթակ դառնալ ավելի մեծ շուկաներ մուտք գործելու համար`Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական Միությանը, Միացյալ Նահանգների և Կանադայի շուկաներ: Նախարարը հավելել է, որ արդեն կան լոգիստիկ լուծումներ, և այդ խնդիրը ներդրողների համար այլևս չի լինի ակտուալ:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը դեպի Իրան և Պարսից ծոց տարանցման մեծ մեծ ներուժ ունի: «Մենք պատրաստ ենք պատշաճ պատշաճ ուշադրություն դարձնել որոշ նախագծերին տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում: Մեծ ներուժ ենք տեսնում դեպի Իրան և Պարսից ծոց տարանցման ապահովման ուղղությամբ», - ասել էր Սերժ Սարգսյանը, ընդգծելով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը: