
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններե ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։
Ինչպես տեղեկացնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ավիահաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև՝ «Լյուֆթանզաե ավիաընկերության հետ բանակցությունների հնարավոր վերսկսումը:
Կարևորելով խնդիրը՝ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև առկա է երկկողմանի ուղևորահոսքի պահանջարկ, և համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի հարցին տալ համապատասխան լուծում:
ՔԱԳՎ պետը և «Արմենիա միջազգային օդանավակայաններե ընկերության գլխավոր մենեջերը դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ քննարկել են նաև ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր: