Երկուշաբթի, 3 Հուլիսի 2017 13:28
Ալեքսանդր Ավանեսով

Չգազիֆիկացված համայնքների վերաբերյալ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ

Չգազիֆիկացված համայնքների վերաբերյալ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ

Արմինֆո.Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և սահմանված ժամկետում կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։

 

«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է»,-ասել է Հայկ Հարությունյանը։ Ջրատաքացուցիչների կիրառումն իհարկե միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազիֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։

 

«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։