Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2017 12:39
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը Վանաձորի զարգացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի զարգացման հիմնադրամում կոնկրետ պատասխանատուի նշանակումը, որը կհամակարգի Վանաձորի զարգացման հայեցակարգի և «մաստեր պլան»-ի, քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման, ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ ծրագրերի մշակման աշխատանքները: