
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ առաջիկայում Վաշինգտոնում կայանալիք Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում է մտավոր սեփականությանը, որի պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի աջակցության և զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում ներկայացվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց բիզնեսն առնչվում է առօրյա գործունեության մեջ: Մասնավորապես բարձրացվել են մտավոր սեփականության իրավունքի ոլորտում իրավակիրառ պրակտիկային, դատական համակարգի աշխատանքին և մասնագիտացած դատավորներ ունենալու խնդրին, մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի ոլորտում առկա և այլ հարցերի:
Կարեն Կարապետյանը նշել է բարձրացված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին, AmCham-ի անդամ- կազմակերպությունների հետ համատեղ, քննարկել խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

