Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 19:35
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2010 թվականի ՙՏարվա լավագույն բանկ՚
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը ՙFinancial Times՚ հեղինակավոր կազմակերպության ՙThe Banker՚ ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2010թ. ՙՏարվա լավագույն բանկ՚ մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, սույն թվականի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացել է ՙThe Banker՚ ամսագրի 2010 թվականի ՙՏարվա լավագույն բանկ՚ 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը կազմակերպությունների մասնակցության թվաքանակի մեծությամբ աննախադեպ էր իր պատմության մեջ, ինչը վկայում է այն մասին, որ ՙThe Banker՚-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 500 կազմակերպություն:
Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` Բանկի զարգացման տեմպերը, ծառայությունների լայն տեսականին` սկսած սպառողական վարկերից մինչև ձեռքբերումների և միաձուլումների /M&A/ ծառայությունը, ակտիվների, շահույթի աճի տեմպերը, միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա, FMO-ից /Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ/ և DEG-ից /KfW Bankengruppe-ի անդամ/, EBRD-ից /Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ/ 85 մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը`հիմնականում ուղղված վերականգնվող էներգետիկայի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, ճկուն ռիսկային համակարգի շնորհիվ չաշխատող ակտիվների նվազագույն չափը, ՙԿասկադ՚ բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, նորարարությունը, բանկային գործում առաջադիմական մոտեցումները: Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվել է հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է ՙThe Banker՚ ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` ՙFinancial Times՚-ի նախագահը:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: