Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 11:31
Արդշինինվեստբանկի միջազգային քարտերով կենսաթոշակառուները կարող են ստանալ իրենց կենսաթոշակները
Արմինֆո. Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ստորագրել են պայմանագիր, որով ազդարարվել է ՀՀ Կառավրության նախաձեռնած կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացի մեկնարկը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից:
Արդշինինվեսբանկն ունի ավելի քան 120 կանխիկացման կետեր (այդ թվում 65 բանկոմատներ) և մոտ 145 անկանխիկ վճարման կետեր (POS-տերմինալներ), որոնք տեղակայված են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում, ինչը հնարավորություն կտա բանկի քարտապան կենսաթոշակառուներին օգտվել Արդշինինվեստբանկի քարտային ծառայություններից: Քանի որ տրամադրվող քարտերը միջազգային VISA և MasterCard դասի են, ապա քարտապանները կարող են կանխիկացնել իրենց դրամական միջոցները օրվա ցանկացած ժամի, թե’ Հայաստանում և թե’ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կան VISA և MasterCard համակարգերը սպասարկող կետեր:
Ունենալով Արդշինինվեստբանկի քարտերը, բոլոր կենսաթոշակառուները կարող են նաև կուտակել իրենց դրամական միջոցները ցպահանջ ավանդի ձևով, որոնց վրա կհաշվարկվեն բանկում գործող համապատասխան ավանդային տոկոսադրույքներ: Միաժամանակ, բոլոր կենսաթոշակառու քարտապանների համար Արդշինինվեստբանկում սահմանված են բազմաթիվ այլ սակագնային արտոնություններ և զեղչեր:
Քարտերի սպասարկման արդյունավետությանը նպաստում է նաև Արդշինինվեստբանկի լայն մասնաճյուղային ցանցը, որոնցից 49-ը տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետությունում, 6-ը` Արցախում: Բանկի բոլոր մասնաճյուղերում առկա տեխնիկական հուսալի համակարգերը և ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս քարտապան-հաճախորդների սպասարկումը դարձնել առավել ճկուն և հարմարավետ:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. ՙԱրդշինինվեստբանկը, գնահատելով իր հնարավորությունները, տեխնիկական և մասնագիտական պոտենցիալը, առաջինը պատրաստակամություն հայտնեց ստանձնել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացի սպասարկումը: Մենք պատրաստ ենք հանրապետության բոլոր կենսաթոշակառուներին զերծ պահել ավելորդ քաշքշուկներից և մատուցել որակյալ բանկային ծառայություններ՚: